Երբ մեր պետության մեջ առաջնահերթությունը տրվում է բանակին եւ ոստիկանությանը, սա խոսում է այն մասին, թե ինչպիսի հասարակություն են  ուզում կառուցել իշխանությունները։ Այս  մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, «Կրթության ֆինանսավորման կրճատում. նոր բյուջեի մարտահրավերները» քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

Նրա կարծիքով, երբ փող կա նոր ջրցան մեքենաների, մահակների, էլեկտրահարող սարքերի, բայց չկա կրթության համար, ապա այսպիսի հասարակությունը դառնում է  հլու հնազանդ շարքային մարդկանց բազմություն։

«Այս պարագայում մենք չենք ասում բյուջեից 70 տոկոս հատկացրեք կրթությանը, այլ գոնե 3-4 տոկոսը։ Իսկ 1․8 տոկոս բյուջետային հատկացումը ծաղր է։ Եթե թվարկենք այն պետությունները, որոնք կրթությանը հատկացնում են մոտավորապես 1․8 տոկոս եւ պատկերացնենք, որ մի քանի տարի հետո հայտնվելու ենք այդ պետությունների հետ մի շարքում, կստանանք բացարձակապես ամոթալի պատկեր»,-նշեց նա։

Պատգամավորի համոզմամբ, չպետք է երկընտրանքի առաջ կանգնել բյուջեի հատկացումների արդյունավետության եւ կրթության ֆինանսավորման ավելացման միջեւ, այլ պետք է հետեւել, որպեսզի եղած հատկացումը արդյունավետ ծախսվի, իսկ հետո էլ պայքարել ֆինանսավորման ավելացման համար։