Ջավախքի հայաբնակ Դադեշ գյուղում անասնագողություն առաջին անգամ չէ, որ լինում է: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը: Նա նշեց, որ նոյեմբերի 6-ի գիշերը տեղի ունեցած գողությունն էլ հերթականներից է, որը հնարավոր է՝ կրկին չբացահայտվի: Սահմանամերձ Դադեշի բնակիչները 21 կովի, 1 ձիու գողության մեջ կասկածում են թուրքերին, Դավիթ Ռստակյանի խոսքով, կասկածները հաստատվում են այն հանգամանքով, որ գողացված անասունների մի մասին հայտանբերել են չեզոք գոտում, որն էլ նշանակում է, որ անասուններին տարել են դեպի Թուրքիա:
Ջավախքի Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչները նոյեմբերի 6-ին փակել էին Թուրքիա-Ախալքալաք ճանապարհը՝ համապատասխան կառույցներից պահանջելով գտնել եւ վերադարձնել իրենց անասուններին: Նրանք ճանապարհը բացել էին միայն ոստիկանների՝ դեպքի վայր ժամանելուց հետո:
Ոստիկանությունը կատարում է հետաքննություն:


























