Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձին ընդառաջ ներկայացրել է պատմության մեջ խորհրդային պետության հիմնադիր Վլադիմիր Լենինի դերի մասին գիրքը:
Գիրքը, որն Ավակովը ուկրաինացի մի շարք պատմաբանների, հասարակական, քաղաքական գործիչների հետ համահեղինակությամբ է գրել, կոչվում է «Լենինը մեզ հե՞տ է»:
«Գիրքը ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այսօր՝ նոյեմբերի 7-ին, «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության» 100-ամյա տարեդարձին ընդառաջ: Համոզված եմ, սա կարեւոր էր թե՛ 10 տարի առաջ, թե՛, ցավոք, հիմա»,- նշել է Ավակովը Facebook-ում:
Ուկրաինայի ՆԳ նախարարը հավելել է, որ իր գիրքը լույս է տեսել ուկրաիներեն, ռուսերեն եւ անգլերեն:
«Լենինը մեզ հե՞տ է» գիրքը գիրք հարց է, գիրք բանավեճ, իսկ ինչ-որ մեկի համար՝ գուցե գիրք սադրանք: Ես կարծում եմ, որ մեր հասարակության համար միանգամայն անհրաժեշտ է մեր երկրի պատմության մեջ կոմունիստական նախագծի եւ Լենինի կերպարի՝ որպես նրա խորհրդանիշի դերի ու տեղի մասին հասարակական բանավեճը»,- նշել է Ավակովը:




























