Այսօր վերջնականապես պարզվեց, որ Կենտրոն թաղապետարանի կողմից Կենտրոն համայնքում (Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տրածքում) գտնվող հանրային արտաքնոցի մաքրման ծառայությունների գնման գործընթացը կեղծ է եղել։ Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, ով ահազանգել է քաղաքապետարանում կեղծ գնումների եւ համայնքային բյուջեից գումարներ դուրս գրելու վերաբերյալ։

Հայտարարությունում ասվում է.

«Սույն թվականի հուլիսի 13-ին դիմեցի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում գտնվող հանրային արտաքնոցի հարցի կապակցությամբ։

2016 թվականի դեկտեմբերի 19-ին Երեւանի քաղաքապետարանը՝ ի դեմս աշխատակազմի գնումների վարչության պետ Գրիգոր Չթրյանի «Բելլիս» ՍՊԸ-ի հետ կնքել է ծառայությունների մատուցման գնման պայմանագիր, համաձայն որի պայմանագրի Պատվիրատուն հանձնարարել է Կատարողին ստանձնել Կենտրոն վարչական շրջանի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող (Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքում՝ Ոսկու շուկայի մոտ) հասարակական զուգարանի մաքրման եւ պահպանման ծառայությունների մատուցման պարտավորությունը։ Ծառայության մատուցման գինը կազմում է տարեկան 920․000  ՀՀ դրամ։

Համաձայն պայմանագրի տեխնիկական բնութագրի Կատարողն իր պարտականությունները պետք է կատարեր հետեւալ գործողություններով․

1․Հասարակական զուգարանի սանիտարական մաքրումն ընդգրկում է ոչ միայն կուտակված աղբի, առաջացած փոշու եւ կեղտի հեռացում, այլեւ որոշակի տեխնոլոգիական կարգով եւ միջոցներով անհրաժեշտ սանիտարահիգենիկ վիճակի պահպանում։

2․Զուգարանի մաքրումը սկսվում է առաստաղի չոր մաքրումով, որը կատարվում է երկարապոչ խոզանակի միջոցով, անհրաժեշտության դեպքում օգտագործելով աստիճաններ կամ ձեռնասանդուղք։ Այդ ընթացքում անկյուններից եւ քիվերից հեռացվում են սարդոստայնները։

3․Այնուհետեւ կատարվում է դռների, պատուհանների, պատուհանագոգերի, միջնապատերի խոնավ մաքրում։ Խոնավ մաքրումը կատարվում է նաեւ լվացարանների, հայելիների, ջրի բաքերի եւ կոյուղագծի խողովակների մաքրում եւ լվացում։

4․ Նախքան հատակը լվանալը, այն մաքրվում է, ավելով հավաքվում է աղբն ու փոշին, աղբանոթների աղբի հետ միասին դատարկվում է նախատեսված տեղերում։ Դատարկված եւ մաքրված աղբանոթները դրվում են իրենց տեղերում։

Այցի ընթացքում պարզվեց, որ ոչ միայն չեն կատարվել այդ գործողությունները, այլեւ այդ արտաքնոցն իր անբարեկարգությամբ չի համապատասխանում նշված գործողությունների իրականացման համար։ Հանրային զուգարանը հիշեցնում էր մեծ աղբամանի։ Այն գտնվում էր ծայրահեղ ոչ սանհիտարահիգենիկ վիճակում։ Տղամարդկանց համար նախատեսված հատվածը չէր գործում եւ լցված էր աղբով։ Դատելով  փոշեպատված եւ կեղտոտ առաստաղից, այն երբեւէ չէր էլ մաքրվել։ Դռների, պատուհանների (որոնք որպես այդպիսին չկան), միջնապատերը՝ նույնպես։ Զուգարաններում լվացարաններ, հայելիներ, ջրի բաքեր չկան։ Բնութագրում նշված է նաեւ, որ մաքրման հաճախականությունը պետք է լիներ առնվազն ամեն օր։

Պետք է նշեմ, որ այցիս ժամանակ հանրային արտաքնոցի հարակից տարածքում ապրող բնակիչները հաստատեցին այն փաստը, որ այն ոչ միայն չի մաքրվում ամեն օր, այլ երբեւէ չի մաքրվել։ Ավելին՝ բնակիչներն իրենք են ստիպված հաճախակի մաքրում, որովհետեւ օգտվում են այդ զուգարանից։

Ես հիմնավորեցի, որ պայմանագիրն իրենից ենթադրում է կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարք հետեւալ պատճառներով․

1․Բելլիս ՍՊԸ-ն, որից գնվել է ծառայությունը, համաձայն իր գործունեության բնութագրման շինարարական ընկերություն է եւ չի մատուցում հանրային օբյեկտների մաքրման եւ պահպանման ծառայություններ։

2․Նույնիսկ այն դեպքում, եթե վերոհիշյալ ընկերությունը պարտավորվել է մատուցել նմանատիպ ծառայություններ, ապա ծառայության գնման պայմանագրով ստանձնած պարտավորությունները չի կատարում։ Հասարակական զուգարանը մաքրում են բնակիչները։

3․Հասարակական զուգարանի ներկայիս վիճակը եւ պայմանագրով  նախատեսված ծառայությունների բնութագրված վիճակը խիստ անհամապատասխան են։

4․ Պատվիրատուն՝ այսինքն քաղաքապետարանը չի ստուգել Կատարողի կողմից մատուցվող ծառայության ընթացքը եւ որակը, որը պարտավոր էր անել պայմանագրով։

Գրությամբ դիմեցի քաղաքապետարանին միջոցներ ձեռնարկելու պայմանագրի պատշաճ կատարման կամ դրա լուծման համար։ Պատասխան ստացա, որ պայմանագրի պատվիրատուն Կենտրոն վարչականի շրջանի թաղաետարանն է, որից անմիջապես հետո խնդրի առարկան հասցեագրեցի շրջանի ղեկավար Արա Սադոյանին։ Թաղապետարանից պատասխանեցին, որ վերոհիշյալ ընկերությունը նախազգուշացվել է պայմանագրով ստանձնած պարտականությունների կատարման մասին եւ հետագայում անպատշաճ որակի ծառայության մատուցման դեպքում կքննարկվի  վերջինիս  հետ կնքված վերը նշված պայմանագրի լուծման նպատակահարմարության հարցը։

Այդ պատասխանից անցավ մոտավորապես 80 օր, սակայն հանրային արտաքնոցը մնաց նույն հակասանիտարահիգիենիկ վիճակում եւ բնակիչների հույսին։

Կեղծ գնման պայմանագրի հարցը բարձրացրեցի նաեւ հոկտեմբերի 31-ին ավագանու հերթական նիստին։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը պատասխանեց, որ ես շուտով կստանամ նամակ բոլոր պարզաբանումներով։ Սակայն նա խուսափեց պատասխանել այն հարցին, թե ինչպես է զուգադիպել, որ «Բելլիս» ՍՊԸ-ի նախկին հիմնադիրը եղել է Արա Սադոյան անուն-ազգանունով անձը։

Նիստից վեց օր հետո ստացած նամակում վերջնականապես պարզվեց, որ հանրային արտաքնոցի մաքրման ծառայությունների գնման գործընթացը կեղծ է եղել։ Նամակում նշված է, որ «վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների արդյունքում, ք․ Երեւան Կորի փողոցում տեղադրված հանրային արտաքնոցը բերվել է պահանջվող սանիտարահիգիենիկ նորմերի՝ վերացվել է խցանումը, տեղադրվել է դուռ, ինչպես նաեւ իրականացվել են տարածքի մաքրման աշխատաքներ։ Հեռացվել է արտաքնոցի մերձակա հարեւանությամբ գտնվող աղբակույտերը եւ մեքենայի հնամաշ թափքը։

Իհարկե գովելի է, որ այսքան նամակներից հետո հանրային արտաքնոցը կարգի է բերվել։ Բայց անհասկանալի է, թե ինչու են այդ աշխատանքները կատարել համայնքի աշխատակիցները, եթե դրա համար «Բելլիս» ՍՊ-ին վճարվել է 920․000 ՀՀ դրամով։

«Բելլիս» ՍՊԸ-ի հետ այս գործարքն ապացույց է այն բանի, որ

1․ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերը վերահսկելի եւ կառավարելի չեն:

2․Գնման ընթացակարգերը թափանցիկ եւ մրցակցային չեն։

3․Առկա են մասնավոր շահերի բախումներ։

4․Թալանվում է համայնքային բյուջեն։

Հաշվի առնելով այս խնդիրները՝ այսուհետ ավագանու անդամի լիազորությունների շրջանակում Երեւանի քաղաքապետարանում գնման գործընթացները կլինեն մեր ուշադրության կենտրոնում եւ խստագույնս վերահսկվելու են։