Հարավային Կովկասի նշանակությունը մեծապես աճել է Իսրայելի մերձավորարեւելյան արտաքին քաղաքականության մեջ։ Նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Նորավանք» քաղաքական հետազոտությունների հիմնադրամի ղեկավար Կարեն Վերանյանը։
Նրա խոսքով՝ Վրաստանի եւ Իսրայելի համագործակցությունը լայն եւ խորը նշանակություն ունի։
«Սակայն այն մի փոքր սահմանափակվել էր Հարավային Օսիայում 2008–ի պատերազմի պատճառով։ Խնդիրը հիմնականում այն էր, որ վրացական կողմին իսրայելական ռազմական արտադրանք էր մատակարարվել, որի մի մասը ոչնչացվեց այդ պատերազմի ընթացքում»,– պարզաբանեց Վերանյանը՝ հավելելով, որ Իսրայելը նաեւ շատ ակտիվ բազմակողմանի համագործակցություն է սկսել Ադրբեջանի հետ, որը հիմնված է էներգետիկ, տնտեսական եւ ռազմական հիմքերի վրա։




























