Տարօրինակ կենդանին, որին տեսել են ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագոյի բնակիչները, հազվագյուտ գենետիկ մուտացիայով աղվես է, հայտնում է UPI-ն:

Քաղաքի շրջաններից մեկում հայտնված սպիտակ մորթիով գազանի մասին տեղեկությունները մի քանի շաբաթ ստացվել են Չիկագոյի կենդանիների վերահսկողության վարչություն: Ականատեսները կարծում էին, թե գազանը կոյոտ է կամ անտուն շուն:

Իրականում կենդանին 5-ամսական աղվես էր, որը Չիկագոյի բնակիչներից մեկի մոտից էր փախել: Նրա արտասովոր գունավորումը լեյկիզմի հետեւանք է՝ հազվագյուտ մուտացիա, որի դեպքում կենդանին մասամբ կորցնում է արտաքին ծածկույթի պիգմենտացիան:

Կենդանու տերն օգնում է կենդանիների վերահսկողության վարչությանը, սակայն փախած աղվեսին դեռեւս չի հաջողվել բռնել:

Լեյկիզմի դեպքում կենդանու մոտ կարող են ամբողջությամբ բացակայել պիգմենտային բջիջները: Այն սրանով է տարբերվում ալբինոսությունից, որի դեպքում մելանոցիտ բջիջներ կան, սակայն չեն կարողանում մելանին սինթեզել: