Երեւանում շարունակվում է նոյեմբերի 1-ին մեկնարկած աշնանային էտը: Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մայրաքաղաքի փողոցների, այգիների, պուրակների, բակերի եւ հանրային օգտագործման այլ տարածքների ծառերից հեռացվում են չոր եւ հիվանդ, ինչպես նաեւ գերաճած ճյուղերը: Աշնանային էտն ապահովում է ծառերի դեկորատիվ տեսքը, ինչպես նաեւ զերծ պահում դրանց հիվանդություններից եւ կանխում հնարավոր վթարային իրավիճակները: Խոր էտ կիրառվում է բացառապես բարդիների եւ այն ծառերի նկատմամբ, որոնք ենթակա են քամիներից տապալվելու վտանգին:
Ծառերի աշնանային էտին համընթաց շարունակվում է նաեւ ծաղիկների՝ ջերմոցներ տեղափոխելու գործընթացը, իսկ մայրաքաղաքի համապատասխան հատվածները նախապատրաստվում են կակաչների նոր սոխուկների տնկման համար:
Մասնավորապես, նախատեսվում է տնկել Հոլանդիայից բերված շուրջ 750 000 կակաչի սոխուկ:
Երեւանը միաժամանակ պատրաստվում է ծառատունկին: Համապատասխան վայրերում փորվում են փոսեր, նախապատրաստվում են տնկիներ: Ծառատունկի ժամանակ Երեւանում տնկվելու է շուրջ 15 000 տարբեր տեսակի ծառ:
Հիշեցնենք, որ շաբաթօրյակ-ծառատունկը տեղի կունենա նոյեմբերի 11-ին:
Նշենք նաեւ, որ բարձր որակ ապահովելու նպատակով բոլոր աշխատանքները վերահսկվում են Երեւան քաղաքապետարանի բնապահպանության վարչության եւ վարչական շրջանների աշխատակազմերի կողմից, ներգրավված
են նաեւ ոլորտի մասնագետներ:




























