Հայաստանը չի կարող դառնալ եգիպտացորեն կամ սոյա արտահանող երկիր, հետևաբար՝ խնդիր չունի անցնելու տրանսգենային արտադրությանը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը: Նրա խոսքով՝ ԳՄՕ-ները վնասում են շրջակա միջավայրը, ավելին՝ ԳՄՕ-ով մթերք աճեցրած հողում չի կարող հետագայում լինել օրգանիկ գյուղատնտեսություն, քանի որ հողը վարակված է:
«Կամայական երկիր, որը որդեգրում է իր զարգացման ռազմավարությունը, պետք է ունենա 3 հիմնական խնդիր՝ բնապահպանական, որովհետև ԳՄՕ-ները վնասում են հենց շրջակա միջավայրին, գյուղատնտեսական, որովհետև, եթե երկիրը ցանկություն ունի զարգացնել օրգանիկ գյուղատնտեսություն կամ արժեքավորել իր ազգային մթերքները, և տվյալ երկրում զբաղվում են տրանսգենային մթերքների արտադրությամբ, որևէ մեկը ձեզ չի կարող թույլ տալ, որ տվյալ զոնայում արտադրեք արժեքավոր սննդամթերք։ Երրորդն առողջապահական խնդիրն է»,- ասաց նա:
Պիպոյանի ներկայացմամբ, Հայաստանում կա, վաճառվում է ԳՄՕ պարունակող մթերքներ՝ լոլիկ, եգիպտացորեն, պղպեղ:
«Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ մեր երկրում հացահատիկը չի պարունակում ԳՄՕ: Սակայն մեր շուկան ողողված է տրանս-ճարպեր պարունակող սննդատեսակներով, հաճախակի ենք օգտագործում գազավորված ըմպելիքներ, դրան էլ գումարվում է ԳՄՕ-ն: Ես չեմ ասում՝ թող ԳՄՕ պարունակող սնունդ չներկրեն մեր երկիր, քանի որ կան աշխարհահռչակ արտադրողներ, որոնց մթերքների ցանկում կան ԳՄՕ պարունակող տարրեր, բայց ես կարծում եմ՝ ՀՀ-ում պետք է արգելվի տրանսգենային գյուղատնտեսությունը»,-ընդգծեց Պիպոյանը:
Անդրադառնալով ԳՄՕ մթերքների ներկրմանը, Պիպոյանը նշեց, որ Հայաստանն այդ ոլորտը կարգավորող օրենք չունի. «Ունենք բաց վիճակ, և կամայական մի մարդ կարող է ՀՀ ներմուծել ու շրջակա միջավայրն աղտոտել ԳՄՕ սերմերով։ Սա նաև մարդկանց կայուն զարգացման սկզբունքի խախտում է, որովհետև, եթե մեկը վաղը որոշի զբաղվել օրգանիկ գյուղատնտեսությամբ, իսկ այդ հողակտորներն արդեն օգտագործվել են գենետիկորեն մոդիֆիկացված սերմերի կուլտիվացիայի նպատակով, հետագայում լինելու է խաչաձև աղտոտում, և այդ տարածքում հնարավոր չի լինելու արտադրել օրգանիկ մթերք»։
Դավիթ Պիպոյանը շեշտեց, որ «Մոնսանտո» ընկերությունը հետարքրքված է Հայաստանի շուկայով, նրա կարծիքով՝ անհրաժեշտ է զգոն լինել և ճիշտ որոշում կայացնել. «ԳՄՕ պարունակող սննդատեսակները երբեմն կարելի է նաև առանց փորձաքննության տարբերակել: Օրինակ՝ ԳՄՕ պարունակող լոլիկի մեջ կարելի է նկատել, որ միջուկի աջ և ձախ կողմերը միմյանց նման են, իսկ եգիպտացորենի հատիկները շատ սիմետրիկ են, իրար շատ նման»,- եզրափակեց Դավիթ Պիպոյանը:
Ինչ վերաբերում է, թե ինչպես տարբերակել ԳՄՕ մթերքը, Պիպոյանը նշեց, որ բոլոր երկրներում ԳՄՕ-ի համապատասխան մակնշումը տրվում է, և սպառողը խնդիր չունի դա հայտնաբերելու. «ԳՄՕ-ն հայտնաբերելու մեթոդներ կան։ Իհարկե, 100 տոկոս արդյունք տալիս է միայն լաբորատոր փորձաքննությունը և գենետիկ փոփոխության հայտնաբերումը։ Բայց, օրինակ, եթե լոլիկը կտրում եք, երկու կողմում հավասար պատկեր է ստացվում, ոչ մոդիֆիկացված լոլիկը կտրելիս՝ կնկատեք, որ երբեք աջ և ձախ հատվածներում այդպիսի սիմետրիկ, հավասար գծապատկեր չի ստացվում»։
Ավելւ վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը օրերս նշել էր, որ Հայաստանի շուկա է մտնում «Monsanto» ընկերությունը, որը զբաղվում է ԳՄՕ սերմերի արտադրությամբ: Արդեն իսկ հասարակության որոշակի շրջանակների կողմից մտահոգություններ են հնչում, որ դա կարող է վտանգավոր լինել Հայաստանի բնակչության համար: Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը եւս կոչ է արել մարդկանց հեռու մնալ «Monsanto»-ի արտադրանքից:




























