Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ Beeline Հայաստանի հետ համատեղ անցկացված Հեռահաղորդակցության հեքըթոնի մրցանակների հանձնման արարողությունը։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը 3000 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակով պարգեւատրեց հաղթող Lezoo թիմին, ովքեր հեքըթոնի ընթացքում մշակել էին խմբակային զանգի հնարավորություն եւ համաժամանակյա թարգմանություն ապահովող մի լուծում։ Լուծումը տեխնոլոգիական տեսանկյունից բավականին նորարար էր ու բարդ եւ մեծ հետաքրքրություն կարող է ներկայացնել հեռահաղորդակցության օպերատորների համար։

Երկրորդ մրցանակին արժանացած iterate եւ megista թիմերը ստացան 1000-ական ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ։ Iterate թիմը հեքըթոնի 24 ժամվա ընթացքում մշակել էր մի լուծում, որը թույլ է տալիս հեռահաղորդակցության կապից օգտվողին տեսահոլովակներ նայելու միջոցով հավաքել միավորներ եւ հետագայում այդ միավորները փոխանակել հեռախոսակապի րոպեների հետ։ Իսկ megista թիմի մշակած պրոդուկտը թույլ է տալիս հաճախորդի տվյալների վերլուծության հիման վրա նրան առաջարկել օպերատորի ամենահարմար սակագնային պլանը։

«Ներկա դրությամբ թվային լուծումներն են բիզնեսի ապագայի գրավականը, եւ շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանում այդ լուծումներ մշակելու եւ կիրառելու ավանդույթ ձեւավորվի։ Մենք որպես ՏՏ եւ հեռահաղորդկացության ոլորտում աշխատող ընկերություն լավ գիտակցում ենք այդ ամենի կարեւորությունը եւ ցանկանում ենք աջակցել Հայաստանում թվային լուծումների զարգացմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հաղթող թիմերի լուծումները մշակված են նորագույն տեխնոլոգիաների հիման վրա: Նրանց հետագա զարգացման եւ ճիշտ շուկայահանման դեպքում կարող են դառնալ բավականին նորարար եւ եկատմաբեր պրոդուկտներ, որոնցով հետաքրքրված կլինեն հեռահաղորդակցության տարբեր օպերատորներ», - նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը հեքըթոնի հաղթող թիմերի հետ քննարկեցին նաեւ նրանց մշակած պրոդուկտներիի հետագա զարգացման հնարավորությունները, պոտենցիալ շուկաները եւ թիմերի հետ հնարավոր համագործակցությունը։