Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 8-ին, ցուցմունք տվեց մեկ տարի առաջ «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի տղան՝ Գոռը: Գոռը պատմեց, որ դեպքի օրը տանն է եղել, պատշգամբից նկատել է իրենց պատկանող գեղեցկության սրահի մոտ մեքենաների կուտակումներ եւ կասկածելով, որ ինչ-որ բան այն չէ, գնացել է գեղեցկության սրահի նկուղային հարկում գտնվող հոր գրասենյակ:

«Իջա, որ տեսնեմ ինչ է կատարվում, Գեւորգին տեսա (գործով սպանվածը), հարցրի՝ ինչ է կատարվում, ասեց մարդ ա գալու: Հետո 7-8 հոգի անծանոթ մարդիկ եկան, անծանոթներից մեկը գոռգոռում էր, Գեւորգն էլ փորձում էր կարգի հրավիրել նրան, որից հետո հայհոյել սկսեց Գեւորգին, Գեւորգն էլ՝ նրան: Հետո էդ անծանոթը ատրճանակ հանեց, կրակեց Գեւորգին, Գեւորգն էլ փաթաթվեց նրան, ձախ ձեռքում դանակ տեսա, ոնց որ խփեց»,-պատմեց Գոռ Իսրաելյանը:

Նա նշեց, որ հետո է իմացել, որ այդ անծանոթի անունը Մուշեղ (գործով սպանված) է, նա գրասենյակ է եկել ինչ-որ գումարային խնդրի պատճառով. «Ասում էր, որ ինչ-որ մեկն իրան 20 հազար ա պարտք, ասում էր՝ էդ փողն ստանալու եմ, ով դեմս հելավ՝ կսպանեմ: Նա կրակում էր բոլորի վրա, ես վախից մտել էի դիվանի հետեւը, հետո ինչ-որ մեկը գոռաց՝ պատրոնները վերջացան, փրկեք Գեւորգին, վազեցի, որ Գեւորգին օգնեմ, Մուշեղը գրկել էր, չէր թողնում, աթոռը վերցրի ու խփեցի, մի կերպ կարողացա պոկել նրան ձեռքերից ու իմ մեքենայով հասցնել հիվանդանոց»,-ասաց նա:

Գոռ Իսրայելյանը նշեց, որ հիվանդանոցում վախեցած է եղել եւ Գեւորգին այնտեղ տանելուց հետո փախուստի է դիմել, որից հետո նախաքննական մարմին է հանձնել իրենց պատկանող գեղեցկության սրահի դռան մոտից գտած դանակներն ու բակից գտած ատրճանակը:

Գոռ Իսրայելյանի խոսքով դեպքի օրը գրասենյակում հորը՝ Պետրոս Իսրայելյանին տեսել է այն ժամանակ, երբ կրակոցները վերջացել են. «Շատ խառն էի, միայն Գեւորգին փնրկելու մասին էի մտածում, դրա համար միայն հիշում եմ, որ հորս մի պահ եմ նկատել»:

Նշենք, որ Գոռ Իսրայելյանը նախորդ դատական նիստին չէր ցանկացել ցուցմունք տալ, սակայն, այսօր մտափոխվել էր. այսօր ցուցմունք տալու իր որոշումը նա այսպես մեկնաբանեց. «Քանի որ գործով հայրս է ամբաստանյալ, այդ պատճառով էլ ուզում եմ պատմել այն, ինչ գիտեմ: Նախորդին հրաժարվեցի, որովհետեւ առողջական խնդիրներ ունեի»:

Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը:

Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետեւանքով երկու անձ էր մահացել: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին  («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով: