Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 8-ին, ցուցմունք տվեց մեկ տարի առաջ «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի աղջիկը՝ Լիանա Իսրայելյանը: Դատարանում նա հայտնեց, որ ամբաստանյալներից միայն հորն է ճանաչում, Ալիկ Բանդուրյանին («Նորատուսցի Ալիկ») եւ Ա. Գասպարյանին («Բդո»), չի ճանաչում: Նա նշեց, որ դեպքի օրը գնացել է իրենց գեղեցկության սրահ վարսերը հարդարելու: Հենց այդ ժամանակ էլ եղբորից տեղեկացել է, որ գեղեցկության սրահի նկուղային հարկում սպանություն է եղել: Եղբայրը՝ Գոռ Իսրայելյանը, պատմել է, որ հարձակում է եղել, ինչ-որ մեկը ատրճանակով կրակել է Գեւորգին (սպանված Գեւորգ Ավետիսյան), որից հետո Գգեւորգն էլ դանակով հարվածել է նրան: Հետո իմացել է, որ հարվածողը եղել է ոմն Մուշեղ Մուշեղյանը:
Լիանա Իսրայելյանը հրաժարվեց պատասխանել կողմերի հարցերին, նա նշեց, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքը եւ չի ցանկանում հարցերին պատասխանել:
Լիանա Իսրայելյանից հետո հարցաքննվեց Պետրոս Իսրայելյանի քրոջ որդին՝ Իսահակը: Նա պատմեց, որ դեպքի օրը իրեն պատկանող ավտոլվացման կետում լվացել է Գոռ Իսրյելյանի մեքենան: Նրա խոսքով, մեքենայում՝ վարորդի կողքի նստարանի մոտ «տոմատանման» հյութի կամ արյան հետք է եղել, որը մաքրել է:
«Էդ մեքենան ընդհանուր ա, Գոռին ա պատկանում, բայց ես էլ եմ քշում ու միշտ էլ լվացել եմ: Գոռն էդ օրը բերեց մոտս, թողեց, գնաց: Բանալիներն էլ տվեց, հետո ինչ-որ մեկն եկավ տարավ»:
Մեղադրողի ճշտող հարցին՝ ով է եղել այդ անծանոթը, որին տվել է մեքենայի բանալիները, Իսահակը պատասխանեց, որ չի ճանաչել. «Քեռուս աղջիկը զանգեց, ասաց՝ կգան, կտանեն մեքենան, ես էլ տվել եմ: Այլ մանրամասներ չգիտեմ»:
Նշենք, որ որպես վկա դատակոչվել էր նաեւ Լիա» գեղեցկության սրահի դիմացի շենքում ապրող սիրիահայ Ջորջ Քրդանյանը: Վկայի պատմելով, դեպքի պահին եղել էր իրենց պատշգամբում եւ ոստիկանները նրան նկատելուց հետո միանգամից բերման էին ենթարկել ոստիկանություն:
«Ես պատշգամբում կանգնած էի, նկատել եմ միայն մեքենաներ ու մարդիկ, ուրիշ ոչ մի բան չեմ նկատել: Փոլիսը, զինվորների շորերով մարդիկ ինձ տեսան, ձեռքով ցույց տվեցին ու եկան բնակարանիս զանգը տվեցին ու միանգամից տարան: Սիրիայում մենք ամեն օր տեսնում էինք, որ մարդիկ են սպանում, բայց ոչ ոք ինձ ոստիկանություն չէր տանում»,-ասաց նա:
Վկան նշեց, որ չի հիշում,թ ե ինչ ցուցմունք է տվել, ճշտող հարցին, թե ինքն է ստորագրել, դրական պատասխան տվեց՝ նշելով, որ այն չի կարդացել: Դատարանի հարցին, թե ինչու է վկան առանց կարդալու ստորագրել իր նախաքննական ցուցմունքը, պատասխանեց. «Սիրիայում մենք ոստիկաններին վստահում ենք, մեզ համար՝ վերը Աստված է, վարը՝ ոստիկան, ես ինչ իմանամ, թե ինչ ցուցմունքի տակ եմ ստորագրել»:
Նշենք, որ Ջորջ Քրդյանյանի համար այդպես էլ պարզ չդարձավ, թե իրեն ինչու են իրեն դատակոչել եւ ինչ ցուցմունք պետք է նա տա, նա անըդնհատ կրկնում էր. «Պատշգամբից նայելու համար եկան ինձ ոստիկանները տարան, ես այլ բան չգիտեմ»:
Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը:
Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետեւանքով երկու անձ էր մահացել: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:


























