Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 8-ին, ցուցմունք տվեց մեկ տարի առաջ «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով վկա Վարդիկ Մկրտչյանը: Նա դատարնում պատմեց, որ գեղեցկության սրահում աշխատել է որպես հավաքարար: Վարդիկ Մկրտչյանը նշեց, որ գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին ճանաչել է, սակայն, իր տնօրենը եղել է նրա կինը՝ Անժելան:
2016թ. նոյեմբերի 13-ին՝ սպանության օրն էլ եղել է գեղեցկության սրահում, սակայն, իր ասելով, ոչինչ չի տեսել. «Ես իրենց մոտ փորձաշրջան էի անցնում, մաքրում էի գեղեցկության սրահը: Էդ օրն էլ ընտանիքիս հետ գերեզմաններ էինք գնացել, եկել եմ սալոն, տեսել եմ Ռուբենին, որը մեր վարսավիրներից Ալբերտի մոտ էր եկել՝ հաճախորդ էր, բայց տեղում չէր Ալբերտը: Ասի, որ տեղում չէ՝ գնաց: Մի քանի րոպե չանցած գնացի աղբը թափելու, հետ գալուց տեսա, որ դռնից Գեւորգին են հանում, վախեցա ահավոր: Մի քիչ հետո էլ Մուշեղը կողքը բռնած դուրս եկավ: Ես ուրիշ ոչ մի բանից տեղյակ չեմ եղել»,-ասաց նա:
Վարդիկ Մկրտչյանը պատմեց, որ այնուհետեւ իրավապահ մարմիններն են եկել, իրեն տարել են ոստիկանություն, որտեղ վկայի պնդմամբ, շատ վատ են վերաբերվել իրեն, սպառնացել են եւ ցուցմունք կորզել՝ մի ամբողջ գիշեր պահելով. «Ասում էին՝ պառավ ինչ եղել ա գրի, մի հատ էլ թզբեհ գցեցին դեմս, ասին՝ առ սովորի, որ «Աբովյանի» գաղութ որ տանենք իմանաս: Մնացել էր միայն, որ ինձ ծեծեին, անգամ լացում էի ես»:
Մեղադրողը դատարանին միջնորդություն ներկայացրեց վկայի նախաքննական ցուցմունքը հրապարկելու՝ նշելով, որ էական հակասություններ կան նրա նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում: Դատարանը բավարարեց:
Վկան նախաքննական ցուցմունքում պատմել էր, որ դեպքի օրը տեսել է Պետրոս Իսրայելյանին եւ եւս 6-7 հոգու գեղեցկության սրահի նկուղային հարկում գտնվող գրասենյակ մտնելիս, մի քանի րոպե չանցած նրանք լարված դուրս են եկել, որից հետո վերադարձել են եւ անծանոթները արագ քայլելով կրկին գրասենյակից դուրս գալուց հետո՝ հեռացել: Կրակոցներ եւ գոռգոռոցներ չի լսել, մի անգամ լսել է՝ «Արա, փողերս երբ ես տալու» արտահայտությունը, մի քանի րոպե անց էլ տեսել է՝ ինչպես են Գեւորգ Ավետիսյանի ձեռքերից ու ոտքերից բռնած դուրս հանում, իսկ ոմն Արամ էլ կողը բռնած դուրս է եկել:
Այնուհետեւ գեղեցկության սրահ են եկել Պետրոս Իսրայելյանի կինն ու աղջիկը, որոնք սկսել են մաքրել եւ հավաքել նկուղային հարկում գտնվող գրասենյակը, իրեն էլ կանչել են, որպեսզի ավլի. «Հատակին կոտրված կավի կտորներ է նկատել, արյան հետքեր, որից վատացել է»:
Նախաքննական ցուցմունքը հրապարկելուց հետո Վարդիկ Մկրտչյանը հայտարարեց, որ հրապարակված ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում, նրա պնդմամբ. «Քննիչները գրել են, կարդացել են, ինքն էլ ստորագրել է»:
Դատարանի եւ կողմերի ճշտող հարցերին վկան անհասկանալի պատասխաններ էր տալիս՝ անընդհատ նշելով, որ տեսողության եւ հիշողության հետ կապված խնդիրներ ունի:
Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը:
Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետեւանքով երկու անձ էր մահացել: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:


























