Երեւանի «Լիա» գեղեցկության սրահում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով նոյմեբերի 8-ին Շենգավիթի դատարնում տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը երկու անգամ դատական սանկցիա կիրառեց գործով մեղադրող Քարամյանի նկատմամբ: Նելլի Բաղդասարյանը մեղադրողից պահանջեց ոտքի կանգնել այն ժամանակ, երբ խոսում է դատարանի հետ, մեղադրողն էլ նկատեց, որ բոլոր դեպքերում չէ, որ պարտավոր է ոտքի կանգնել դատարանի հետ խոսելիս: Նելլի Բաղդասարյանը մեղադրողի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով: Դրանից հետո մեղադրողը փորձեց դատարանից ճշտել, թե ինչու համար իր նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց եւ երբ փորձում էր հիմնավորումներ ներկայացնել՝ դատարանը հայտարարեց երկրորդ անգամ մեղադրողի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին՝ կրկին նախազգուշացման տեսքով:
Նշենք, որ այսօր դատարանում հարցաքննվեցին գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի որդին՝ Գոռը, աղջիկը՝ Լիանան, քրոջ որդին՝ Իսահակը եւ գեղեցկության սրահում որպես մաքրուհի աշխատած Վարդիկ Մկրտչյանը: Գործով վկա Ռուբեն Խաչատրյանն էլ հրաժարվել է դատաքննական ցուցմունք տալուց: Նա դատարան գրություն էր ուղարկել, որով տեղեկացրել էր, որ առողջական խնդիրներ ունի եւ չի կարողանում ներկայանալ դատարան: Վկան նշել էր, որ պնդում է նախաքննական ցուցմունքները եւ դատարանը կարող է իր տված այդ ցուցմունքներն ընդունել:
Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը:
Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետեւանքով երկու անձ էր մահացել: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:


























