Մենք ունենք տվյալներ, որ շատ դասախոսներ, դեկաններ ուզում են իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ տարկետման իրավունքը սահմանափակելու, բայց նրանց խոչընդոտում են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԵՊՀ գլխավոր շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Նա հայտարարեց, որ իրենք պաշտպանելու են բոլոր այն դասախոսներին, ամբիոնի վարիչներին ու ֆակուլտետի դեկաններին, որոնք կողմ են արտահայտվել իրենց նախաձեռնությանն ու սատարում են ուսանողների պահանջին:
Ցուցարարները նաեւ դիմեցին ԵՊՀ անվտանգության աշխատակիցներին, հարցնելով, թե ինչու են փակել բուհի դռները և թույլ չեն տալիս ուսանողների դուրս գալ, միանալ իրենց ակցիային։
Անդրադառնալով ԵՊՀ ուսխորհրդի նախագահի հայտարարությանը, թե 400 հոգին իրավունք չունի հանդես գալ 17000 հոգու փոխարեն, Դավիթ Պետրոսյանն ասաց, որ իրենք չեն էլ ասում, որ հանդես են գալիս բոլորի անունից, սակայն ոչ ոք իրավունք չունի լռեցնել իրենց ձայնը:
Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «ազա՛տ, անկա՛խ ուսանող», «ազատ, անկախ դասախոս»:
Նշեք, որ արդեն երրորդ օրն է, որ ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց բողոքը հայտնելով տարկետման իրավունքը հանելու օրենսդրական նախաձեռնության դեմ:
Դասադուլի կազմակերպիչը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն է, որը հայտարարել է, որ ակցիան կշարունակեն այնքան ժամանակ, մինչեւ վերանայվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված տարկետման իրավունքին վերաբերող դրույթները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:
Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:




























