ՀՀ կառավարությունը «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերության հետ 2012 թվականին կնքել է Հայաստանի հարավային երկաթուղու կոնցեսիոն պայմանագիր, ըստ որի ընկերությունը պետք է երկաթուղի կառուցեր Գավառ քաղաքի մոտակայքից դեպի Հայաստանի հարավային սահման՝ Մեղրի քաղաքի մոտակայք ընկած հատվածում, սակայն իր պարտավորությունները չի կատարել:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պայմանագրով նախատեսվում է 316 կմ երկարությամբ երկաթուղու կառուցում Գավառ քաղաքի մոտակայքից դեպի Հայաստանի հարավային սահման՝ Մեղրի քաղաքի մոտակայք, որը միանալու է Հայաստանի Հանրապետության առկա կենտրոնական երկաթուղային համակարգին:

Կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ նախատեսվում են կոնկրետ ժամանակահատվածներ ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն իրականացնելու, ծրագրային ֆինանսավորման, շինարարության և շահագործման փուլերի համար:

Հայաստանի կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն վերջինիս կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը:

Հաշվի առնելով վերոնշյալը և ծրագրի ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար՝ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ: