Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է կենտրոնանան կառուցվածքային վերափոխումների եւ ԵՏՄ երկրների տնտեսական քաղաքականության մերձեցման վրա: Այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամների առջեւ:

«Չնայած Միության ընդհանուր շուկայում պատնեշների եւ խոչընդոտների վերացման համակարգային աշխատանքին, բոլորս պետք է հասկանանք, որ դրանց բնույթը մեր երկրների տնտեսական քաղաքականության տարբերություններն են: Մինչ տնտեսական քաղաքականությունը, կառուցվածքային բարեփոխումների արագությունն ու խորությունը կտարբերվեն, մենք գործ կունենանք տարատեսակ խոչընդոտների հետ: Վերացվածներին նորերը կփոխարինեն: Ուստի առանցքային նշանակություն ունի մեր ընդհանուր շուկաների նորմերի եւ կանոնների միասնականացումը»,- համոզված է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:

Տիգրան Սարգսյանը կարծում է, որ տնտեսական զարգացման ռիթմերի մերձեցումը պետք է հանգեցնի համաշխարհային մասշտաբի եվրասիական ապրանքանիշների ստեղծման նախաձեռնությունների եւ համատեղ նախագծերի: Եվս մեկ առանցքային դրայվ կլինի թվային ոլորտում քաղաքականության համաձայնեցումը:

Նրա գնահատմամբ՝ Միության խնդիրների լուծման համար Հանձնաժողովին տրված լիազորությունների ծավալը դեռեւս անբավարար է: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ վերազգային մակարդակում Միության կայացման գործընթացում փոխանցվել են մաքսային եւ տեխնիկական կարգավորման ոլորտները, սակայն վերահսկողական գործառույթները մնացել են ազգային մակարդակում, ինչը սահմանափակում է ԵՏՄ բոլոր երկրների ձեռնարկատերերի համար միասնական իրավական դաշտի ստեղծման հնարավորությունները: Ելքը կարող է լինել համակարգի ստեղծումը, որի դեպքում վերահսկողության հարցերը կդառնային Միության երկրների համատեղ իրավասության մասը:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նշել է, որ ԵՏՄ կարեւորագույն խնդիրներից մեկն է կառավարման համակարգերի կատարելագործումը: Հետեւաբար՝ իրավասությունների մասնակի վերաբաշխումը թույլ կտա Կոլեգիային փոխանցել ինտեգրացիոն խնդիրների կատարման տեխնիկական հարցերը՝ միաժամանակ մեծացնելով իր աշխատանքի համար ԵՏՀ պատասխանատվությունը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ «ժամանակակից հանրույթների հիմքն այլեւս ապրանքների արտադրություն չէ, այլ գիտելիքների արտադրությունը: Իսկ սա նշանակում է, որ միասին պետք է ստեղծենք էկոհամակարգ, որը մեզ կօգնի զարգացնել անհատական ստեղծագործությունը եւ գործունեության բոլոր ոլորտներում ինովացիաներ գեներացնել»: Դրանից բացի, ինովացիոն տնտեսությունն անհնար է առանց շուկաների, ենթակառուցվածքների եւ որոշումներ ընդունելու համակարգերի թվային վերափոխման: ԵՏՀ Կոլեգիայի նախագահի կարծիքով՝ Միության երկրները այս գործընթացներով պետք  միասին անցնեն, որի համար առաջընթաց կարող է լինել եվրասիական միջճյուղային թվային հարթակների ստեղծումը:

Տիգրան Սարգսյանն աջակցել է ինտեգրացիոն նախագծի գաղափարը, որը վերաբերում է միասնական ապրանքանշանի ստեղծմանը եւ ԵՏՄ տարածքում դրա պաշտպանությանը:

Խոսելով երրորդ երկրների հետ առեւտրատնտեսական համագործակցության մասին՝ ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նշել է, որ մոտակա տարիներին Հանձնաժողովի աշխատանքի հիմնական ուղղությունը պետք է դառնա ինտեգրացիոն գործընթացների խորացումը: Այս համատեքստում արտաքին տնտեսական օրակարգը դիտարկվում է որպես ԵՏՄ երկրների ձեռնարկատերերի սպառման շուկաների ընդլայնման եւ ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծման ու ներդրումների հնարավորություն: Միության երկրների նախագահները բանակցային 7 ուղի են առանձնացրել երկրների հետ, որոնց հետ կարող են ազատ առեւտրի գոտիների մասին համաձայնագրեր կնքել: Այս ցուցակում են ընդգրկվել Չինաստանը, Իրանը, Իսրայելը, Սինգապուրը, Սերբիան, Հնդկաստանը եւ Եգիպտոսը:

Տիգրան Սարգյանն աջակցել է հիմնադրամների ստեղծման գաղափարը, որոնք կխթանեին միջտարածաշրջանային համագործակցությունը: «Ելնելով միջազգային փորձից՝ սա կարող է լուրջ խթան հաղորդել առաջին հերթին Միության երկրների սահմանամերձ շրջանների ինտեգրացիային»,- հայտնել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը: