Մեկի խնդիրների լուծումը մյուսի հաշվին չպետք է լինի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մադտիրոսյանն՝ անդրադառնալով ԵՊՀ ուսանողների կողմից անցկացվող դասադուլին՝ տարկետման իրավունքի սահմանափակման դեմ:

«Պետք է լինի այնպիսի տարբերակ, որ մենք իրոք ունենանք ուժեղ բանակ՝ անհրաժեշտ թվով և ունենանք մասնագետների ինստիտուտ, որ մեր կյանքի մյուս բնագավառների համար մասնագետ պատրաստենք: Օրենքի նախագիծը, որը կա, գաղափարները ճիշտ են, բայց պետք է այնպիսի մեխանիզմներ մշակել, որ դա իրականացվի: Այս մեխանիզմների մասին կարելի էր պայմանավորվել»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է ծառայության ժամանակ գիտությամբ զբաղվել, նա պատասխանեց, որ՝ չգիտի և դժվարանում է ասել՝ հնարավո՞ր է համատեղել, թե ոչ, քանի որ դա անձից է կախված: Այդուհանդերձ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ գտնում է, որ պետք է պարտադիր բոլորը ծառայեն, բայց կախված է, թե երբ:

«Ես կարծում եմ, որ դժվարություն կունենանք առաջին չորս տարին: Դրանից հետո այդ ցիկլը որ կրկնվի, կհարմարվենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է գիտության եւ կրթության ծախսերը 2018 թվականի բյուջեի նախագծով կրճատելու փաստին, Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Էլի գիտության համար է ուղղվել, բայց ռազմարդյունաբերական համալիրն է ուժեղանալու, իսկ մենք այդտեղ ունենք պահանջներ: Իհարկե լավ կլիներ, որ ռազմարդյունաբերական համալիրը ուժեղանար լրացուցիչ գումարներով»: