ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած ԵԽ տեղական եւ տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին, նախարար Լոքյանն ընդգծել է Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի այցի նշանակությունը, ասել, որ այն մեծ ոգեւորություն է առաջ բերել տեղական ինքնակառավարման համակարգում, ամբողջ երկրում եւ նաեւ նախարարությունում:
Դ. Լոքյանը կարեւորել է այն հանգամանքը, որ եվրոպացի դիվանագետը մասնակցելու է նոյեմբերի 10-ին Երեւանում կայանալիք Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովին, ասել, որ այն հնարավորություն կտա քննարկել ոլորտում առկա խնդիրները: «Կարծում եմ, սա մեզ համար լուրջ խթան է էլ ավելի ինտենսիվացնելու համայնքային բարեփոխումները մեր երկրում, որոնք իրենց բնույթով բազմաթիվ են եւ ընդգրկում են տարբեր ուղղություններ»,-ասել է նախարարը:
Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ասել է, որ ուրախ է գտնվել Հայաստանում: «Մենք հպարտ ենք այս համաժողովի անցկացումով, հույս ունենք, որ այն եւս մեկ սկիզբ կդառնա տեղական ինքնակառավարման զարգացման համար: Դա լավ մեկնարկ է, եւ ոլորտում տարբեր նորարարությունների կամ խորհրդատվության համար դուք միշտ կարող եք դիմել Կոնգրեսին, քանի որ կառույցի անդամ 47 երկրի փորձը նույնպես կարող է օգտակար լինել»,-ասել է ԵԽ տեղական եւ տարածքային կոնգրեսի նախագահը:
Հյուրի խնդրանքով Դ. Լոքյանը ներկայացրել է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, իրականացված ծրագրերը եւ բարեփոխումների հարցում ընգծել ԵԽ տեղական եւ տարածքային կոնգրեսի դերակատարությունը: «Ձեր օգնությամբ մենք հիմա սկսում ենք համայնքների բարեփոխումների մի նոր փուլ՝ կապված համայնքների բյուջեների ֆիսկալ քաղաքականության, համայնքներում ֆինանսական համահարթեցման նոր գործիքներ ունենալու հետ կապված: Մենք աշխատելու ենք ունենալ այնպիսի գործելաոճ, որը կապահովի «ավելիին՝ ավելի» սկզբունքը: Խոշորացման արդյունքում մեր համայնքներն այս տարի 10 տոկոսով ավելի սեփական եկամուտներ են հավաքագրել, ինչը նախորդ տարիների հետ համեմատած բավականին առաջընթաց է համարվում: Մենք պետք է շարունակենք այս գործընթացը, որպեսզի համայնքներն անկախանան իրենց ֆինանսական միջոցներով: Շատ հստակ մենք ձեւակերպել ենք առաջիկա ապակենտրոնացման տրամադրությունները երկրում եւ պլանավորել ենք 2018 թվականի ապրիլից համայնքային ճանապարհների պահպանման, վերակառուցման խնդիրները, անասնաբուժական ծառայությունները եւ եւս մի քանի լիազորություններ պատվիրակենք համայնքներին, որ իրենք իրականացնեն»,-ասել է Դավիթ Լոքյանը:
Նրա խոսքով, Հայաստանի Կառավարությունը գիտակցում է, որ երկրում զարգացման հիմքը համայնքն է եւ այս ուղղությամբ լուրջ ուշադրություն կա, այդ նպատակով նաեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 8-ին ՀՀ նախագահի մասնակցությամբ հանրապետության խոշոր համայնքների ղեկավարների հավաք է տեղի ունենալու, որտեղ քննարկվերու են բոլոր խնդիրները:
Նախարարը մանրամասնորեն ներկայացրել է 18 խոշորացված համայնքներում իրականացված ծրագրերը, նշել, որ այսօր արդեն նկատելի են ձեռքբերումները: Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմն ասել է, որ հետաքրքիր է լսել իրականացված ծրագրերի մասին, հասկանալ, որ դրանք երկարաժամկետ զարգացման գաղափարներ ունեն: «Շատ կարեւոր է հենց բնակիչների մոտեցման փոփոխությունը, որպեսզի նրանք հասկանան, որ համայնքների խոշորացման արդյունքում հավելյալ արժեք են ստանալու: Տարածքային զարգացման համար նոր լիազորությունների փոխանցումը համայնքներին, կարծում եմ, հրաշալի գաղափար է, որպեսզի զարգացման պատասխանատվությունը նաեւ համայնքներին փոխանցվի եւ դա կարեւոր է», -ասել է Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմնը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր: Կողմերը վստահություն են հայտնել համագործակցությունը շարունակելու հարցում, ինչը միտված է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումները լիարժեք իրականացնելուն եւ համայնքներն ուժեղացնելուն:




























