ԵՊՀ ռեկտորատի մեծամասնությունը, երկու դեմով եւ մեկ ձեռնպահով, հավանություն են տվել «Զինապարտության մասին» օրենքի նախագծին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ռեկտորատի նիստից հետո հայտարարել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Նրա խոսքով, միաժամանակ, երկրորդ ընթերցման համար ունեն որոշ առաջարկներ, որոնք կներկայացնեն ՊՆ-ին եւ ԿԳՆ-ին:
«Դրանք վերաբերում են տաղանդավոր եւ բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին, որոնց համար կարծում ենք՝ օպետք է ստեղծվեն որոշակի պայմաններ, որ նրանք ծառայության ընթացքում հնարավորություն ունենան զբաղվել գիտությամբ, այդ թվում միջազգային օլիմպիադաների մեդալակիրներին»,-ասաց ռեկտորը:
Ինչ վերաբերում է դասադուլին, Արամ Սիմոնյանն ասաց, որ իրենք չէին կարող դասադուլը դատապարտող հայտարարություն ընդունել, որովհետեւ խոսքն իրենց ուսանողների մասին է. «Մեր հորդորն է ուսանողներին, որ վերադառնան լսարան, որովհետեւ նրանք մեզ համար շատ կարեւոր են: Մեն կարծում ենք, որ այս ճանապարհով խնդիրները բարձրացնելը արդյունավետ չէ: Կրթության ընթացքը խաթարելը չի բխում ոչ մեկի շահերից»:
Հարցին, թե դասադուլավոր ուսանողների եւ նրանց սատարող դասախոսների նկատմամբ ճնշումներ չե՞ն եղել, ԵՊՀ ռեկտորը պատասխանեց. «Որեւէ մեկի նկատմամբ՝ լինի ուսանող, թե դասախոս, ոչ ճնշում է եղել, ոչ էլ սպառնալիք, թե այսպես կանենք, այնպես կանենք: Որեւէ պատժամիջոց չի կիրառվել: Միայն հորդորել ենք ուսանողներին բացատրել, որ չգնան դասադուլի»:




























