Դավիթաշենի «Դելֆին» լողավազանի հարակից տարածքում կրկին ծառեր են արմատախիլ արվում: Այս մասին այսօր՝ նոյմեբերի 10-ին, ահազանգել էր մայրաքաղաքի բնակիչներից մեկը: NEWS.am-ը դեպքի վայրում զրուցել է Դավիթաշենի Կանաչապատման ՓԲԸ տնօրեն Արթուր Մարտիրոսյանի հետ, որը հավաստիացրել է, որ տարածքից հեռացնում են այլ անձի կողմից կտրված բարդիների չորացած բները:
«Մենք ծառերը արմատախիլ չենք անում, գիտեք, որ այս տարածքում գարնանը ծառերը հատել էին, մնացել էին միայն դրանց բները, որոնք այլեւս անպիտան են եւ այժմ դրանք հեռացնում ենք: Կտրողը պատժվել է օրենքի ողջ խստությամբ եւ այժմ մենք հեռացնում ենք միայն այն, ինչն արդեն անպիտան է»- նշեց նա:
Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ նոյեմբերի 11-ին մայրաքաղաքում համահամայնքային շաբաթօրյակ է լինելու եւ այդ ծառերի փոխարեն նորերն են տնկվելու:
Տվյալ տարածքում այս տարվա գարնանը 21 բարդի հատելու մեջ մեղադրվում է Ալեքսան Սամսոնյանը, որին դատարանը դատապարտել է 6 ամսվա պայմանական ազատազրկման:
Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 21 բարդի են հատել: Հարուցված քրեական գործի շրջանակում Ալեքսան Սամսոնյանը կալանավորվել էր, ավելի ուշ` ազատ արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է` ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը:
































