Ճապոնիայի կառավարությունը հատուկ նիստ է հրավիրել կապված Տոկիոյից ոչ հեռու Ձամա քաղաքում կատարված դաժան սպանությունների շարքի հետ, լրագրողներին հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել է, որ մեկ ամիս հետո պետք է միջոցառումների ծրագիր մշակվի, որոնք կոչված են ապագայում նման հանցագործություններ թույլ չտալուն: «(Հանցագործը) Twitter-ում է կարդացել իր զոհերի գրառումներն այն մասին, որ ցանկանում են ինքնասպանություն գործել, նրանց հոգու ճիչն օգտագործել է ճարպկորեն գայթակղելու եւ սպանելու համար: Սա չափազանց ստոր հանցագործություն է: Կառավարության բոլոր անդամները պետք է ամեն ջանք ներդնեն՝ նման հանցագործությունների կանխման համար»,- շեշտել է Սուգան:

Ճապոնիան ցնցված էր Տոկիոյից ոչ հեռու Ձամա քաղաքի երիտասարդ բնակչի 2 ամսում կատարած դաժան սպանությունների շարքի լուրից: Հասարակական արձագանք էր առաջացրել նաեւ այն, որ հանցագործությունները պատահաբար էին բացահայտվել՝ անհայտ կորած աղջկա եղբայրը գիտեր նրա գաղտնաբառը եւ տեսել էր հանցագործի հետ նամակագրությունը, որում աղջիկը մասնավորապես նրա հետ քննարկում էր ինքնասպանություն կատարելու հնարավորությունը եւ մեկին էր փնտրում, որը կցանկանար դա իր հետ անել: Սրա շնորհիվ ոստիկանները հայտնվել էին հանցագործի հետքի վրա:

Սակայն այդ ժամանակ ոչ մեկը չէր կարող ենթադրել, որ կասկածյալի՝ 27-ամյա Տակահիրո Սիրաիսիի բնակարանի խուզարկությամբ կհայտնաբերվեն եւս 8 մարդու գլուխներ եւ այլ մարմնամասեր: Շուտով նա խոստովանել է, որ սպանություններ է կատարել՝ հավելելով, թե «այնքան շատ մարդու է սպանել, որ արդեն չի հիշում, թե նրանցից ով ով է»: Ոստիկանությունը ստիպված էր ԴՆԹ անալիզ անցկացնել՝ բոլոր զոհերի անունները պարզելու համար:

9 սպանվածներից 8-ը Ճապոնիայի տարբեր պրեֆեկտուրաներում բնակվող աղջիկներ էին՝ 15-ից մինչեւ 26 տարեկան: Հաջողվել է պարզել, որ նրանք բոլորը պատրաստվում էին ինքնասպանություն գործել: Հասարակական լայն արձագանքի պատճառն էր նաեւ այն, որ Ճապոնիայում, որն ընդունված է անվտանգ երկիր համարել, կարող էր 2 ամսում 9 մարդ աննկատ անհետանալ եւ մարդասպանի զոհը դառնալ, ինչպես նաեւ այն, որ բոլոր սպանությունները եւ դիակների հետագա մասնատումը կատարվել էին սովորական քաղաքային բնակարանում եւ հարեւանների ուշադրությունը չէին գրավել: