Եթե ուսանողի ուսումն ընդհատվում է բանակում ծառայելու պատճառով, ապա բանակից վերադառնալուց հետո ուսանողի մոտ հետագա ուսման հետ կապված խնդիրներ են առաջանում: Նոյեմբերի 10-ին Երեւանի պետական համալսարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ ինֆորմատիկայի ֆակուլտետի դոցենտ Վարուժան Գաբրիելյանը՝ մեկնաբանելով «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրինագիծը, որով չեղյալ է համարվում ուսման հիմքով տարկետումը
Նրա խոսքով՝ օրինակ, մարզիկները, որոնք իրենց մարզական նախապատրաստումը նույնիսկ կարճ ժամանակահատվածով են ընդհատում, կորցնում են նախնական մարզավիճակը եւ չեն կարող այն արդյունքներին հասնել, որոնց հասել են նախկինում:
«Նույն բանն է տեղի ունենում նաեւ կրթության եւ գիտության ոլորտում: Պետք է ապահովվի ուսման անընդհատության գործընթացը: Առանց դրա չի լինի»,- պարզաբանեց Գաբրիելյանը:
Դոցենտի կարծիքով՝ այս հարցով պետք լայն հանրային քննարկում կազմակերպվի, եւ պետք է օրինագծերի քննարկման ժամանակ լսվի յուրաքանչյուրի կարծիքը:




























