Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 10-ին այցելել է Գյումրու տուն-ինտերնատ եւ Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոց: Այցի ընթացքում ստուգվել են երեխաների եւ տուն-ինտերնատի խնամյալների իրավունքների ապահովման վիճակը, ուսումնասիրվել են փաստաթղթերը:ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ այդ, եռօրյա այցի ընթացքում Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները մոնիթորինգային այցեր են կատարել Գյումրու երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող 7 հաստատություններ:

Այցի արդյունքների ամփոփումից հետո կձեւավորվեն առաջարկություններ եւ կներկայացվեն իրավասու մարմիններին:  Դրանից բացի, նշված հաստատություններում արձանագրված խնդիրները հաշվի կառնվեն եւ դրանց լուծման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում համապատասխան ծրագրեր իրականացնելիս:

Աշխատանքային այցի շրջանակում Արման Թաթոյանը «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանի ուղեկցությամբ եղել է նաեւ «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում, ծանոթացել սոցիալապես անապահով եւ տնակներում բնակվող երեխաների արտադպրոցական ուսուցման ձեւերին։ Պաշտպանին ներկայացվել է կենտրոնի հնարավորությունները կապված երեխաներին  տրամադրվող ամենօրյա  սննդի, լողանալու եւ հիգիենայի պահպանության հետ: Քննարկվել են նաեւ համագործակցության ուղղություններ: