ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 11-ին ներկա է գտնվել «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-մրցույթի բացմանը, որը կայացել է Հայաստանի նկարիչների միությունում:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդես-մրցույթն իրականացվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համատեղ ջանքերով՝ Երիտասարդության համաշխարհային եւ Ուսանողության միջազգային տոների առթիվ: Ներկայացված են տարբեր բուհերի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, կերամիկա:
Շնորհավորելով երիտասարդ ստեղծագործողներին Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ցուցահանդես-մրցույթի կազմակերպումը: Պարոն Բաբլոյանն ընդգծել է, որ այսօր երիտասարդները հնարավորություն ունեն գործնականում օգտագործել ու զարգացնել իրենց ստեղծագործ երեւակայությունը, գիտելիքն ու կարողությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արվեստում ու մշակույթում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ մեզ անհրաժեշտ են կրթված, նախաձեռնող ու պատասխանատու մարդիկ, ովքեր ստեղծագործ մտածողության տեր են, կարող են համարձակ որոշումներ կայացնել:
Արա Բաբլոյանն ընդգծել է, որ մեր երկրում երիտասարդությանը կարեւոր ու առանձնահատուկ դեր է հատկացված, օրենսդիր ու գործադիր, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում մեծ թվով երիտասարդներ են ներգրավված:
«Ձեր առջեւ բացված են լայն հնարավորություններ ու մեծ հեռանկարներ: Բայց դուք ինքներդ պետք է ընդառաջ գնաք այդ ամենին, ձեր ապագային, որը նաեւ մեր հայրենիքի ապագան է: Ձեր քաղաքացիական ու քաղաքական գիտակցությունից, ձեր մտահղացումներից, ձեռնարկներից է կախված հայրենիքի, բնակավայրի, օջախի ճակատագիրը: Յուրաքանչյուրիս ցանկությունը պետք է լինի, որ մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր համայնքը, մեր տունը դառնան ավելի ապահով, զարգացած, ավելի բարեկեցիկ»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Արա Բաբլոյանը շրջել է ցուցասրահում եւ ծանոթացել ներկայացված աշխատանքներին, շփվել երիտասարդ ստեղծագործողների հետ:
Ցուցահանդես-փառատոնը բաց կլինի եւս 6 օր, իսկ ավարտին մասնագիտական հանձնաժողովների կողմից կորոշվեն հաղթողները:




























