Բագրատաշենի մաքսակետում տեխնիկական խնդիրների պատճառով մեքենաների կուտակում է  առաջացել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այսօր ժամը 14:30-ից մաքսակետում է եւ այս պահի դրությամբ 100-ից ավելի մեքենաներ կան, որոնք գնալով շատանում են:

«Սերվերներն անջատվել են, մեքենաները, որոնք ներկրում են, չեն կարողանում գրանցել ու պատկերացնում եք ինչ է կատարվում, մեքենաները կուտակվել են, 5 ժամից ավելի է՝ չենք կարողանում այստեղից հեռանալ»,-ասաց նա:

Նա նշեց, որ չեն ձեւակերպվում ինչպես Վրաստանից, ԱՄՆ–ից, Ճապոնիայից բերված մեքենաները, այնպես էլ Հայաստան մուտք գործած բեռնատարների ապրանքները։

Նա նշեց, որ քանի որ հայկական կողմում մեքենաների համար տեղ չկա, վրացական կողմին զգուշացվել է, որ մեքենաների մուտքը դեպի հայկական անցակետ արգելեն: