Թյուր են այն կարծիքները, թե սոցիալական վիճակը կարող է բերել ընտանիքի քայքայման, ավելին՝  ամուսնալուծություններն ու կոնֆլիկտները տարածված են նաեւ սոցիալապես ապահով ընտանիքներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց նեոնատալ բժշկության ասոցիացիայի ընտանեկան հոգեբան-խորհրդատու Աննա Բադալյանը՝ մեկնաբանելով Հայաստանում ամուսնալուծությունների ավելացման մասին վիճակագրությունը։

Նրա փոխանցմամբ, ընտանիքը կուռ հոգեբանական կառույց է, այստեղ շատ են միջանձնային կոնֆլիկտները, ընտանիքի ճգնաժամերը։ Այսինքն, գալիս է պահ, երբ մարդկանց հարաբերությունները լճանում են, նրանց միջեւ դադարում են շփումները, չկա դիալոգ, իրար հասկանալու գործընթաց, կենցաղն էլ իր հերթին է քայքայիչ ազդեցություն ունենում։

«Եթե մարդիկ ունենում են ֆիզիլոգիական խնդիրներ, դիմում են բժշկի եւ բուժվում, իսկ եթե հոգեբանական է խնդիրը, ինչու չդիմել հոգեբանի։ Խնդրի հետ երկար ապրել հնարավոր չէ»,-նշում է նա։

Հոգեբանը ընդգծում է նաեւ, որ վաղուց կոտրվել են այն կարծրատիպերը, որ հոգեբանին դիմելը ամոթ է։ «Իհարկե, նախաձեռնողները կանայք են, բայց իրեն հարգող հոգեբանը խնդրի էությունը հասկանալու համար պետք է աշխատի երկու կողմի հետ էլ։ Ավելին, լավ  հոգեբանն աշխատում է այնքան զգուշորեն, որ չի խառնվում մարդկանց ներընտանեկան հարցերին»,-շեշտեց նա։