Հարավ-Չինական ծովում տարածքային վեճի պատճառով պատերազմի կարիք չունի ոչ մի երկիր, ավելի լավ է այս խնդրին ձեռք չտալ: Այս մասին հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չինաստանն այսօր աշխարհի թիվ մեկ տնտեսությունն ունի: Մենք պետք է բարեկամներ լինենք: Կան այնպիսի տաքգլուխներ, որոնք կցանկանային, որ մենք մի շարք հարցերում դիմակայության մեջ մտնեինք Չինաստանի կամ ամբողջ աշխարհի հետ: Ավելի լավ է Հարավ-Չինական ծովի խնդրին ձեռք չտալ: Ոչ մեկը չի կարող իրեն պատերազմ թույլ տալ, նույնիսկ այնպիսի մեծ երկրները, ինչպիսին են Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան կամ ԱՄՆ-ն: Ոչ մի երկիր չի կարող իրեն ռազմական դիմակայություն թույլ տալ»,- հայտարարել է Դուերտեն՝ ելույթ ունենալով Մանիլայում ընթացող Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գործարար եւ ներդրումային գագաթնաժողովում:

Ավելի վաղ շաբաթ օրը Վիետնամում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում Դուտերտեն հանդիպել էր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:

«Նա ասաց՝ եթե դուք, որպես նախագահ, ցանկանում եք պահպանել ֆիլիպինցիների կյանքը, ապա ես, որպես Չինաստանի նախագահ, չեմ ցանկանում իմ քաղաքացիների կյանքի զուր կորուստ ունենալ պատերազմում, որի կարիքը որեւէ մեկը չունի, որում հաղթողներ չեն կարող լինել: Բացարձակապես ակնհայտ է, որ մեզ համար միակ ճանապարհը համագործակցությունն է»,- ասել է Դուտերտեն: