Մինչ ուսանողների մի մասը  դասադուլը շարունակում է՝ պահանջելով վերականգնել «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում  ուսման տարկետման իրավունքը,  մի  խումբ համալսարանականներ ուսանողական խորհրդի հետ միասին բուհի ներսում  ուսումնասիրում են օրենքի խոցելի կողմերը: ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Արմեն Խաչիկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ քնարկումների արդյունքում եթե ձեւավորվեն առաջարկություններ, ապա դրանք ներկայացնելու են Ազգային ժողով մինչեւ օրենքի երկրորդ ընթերցում:  Նշենք, որ ուսանողական այս խումբը տարկետումը վերականգնելու հետ կապված առարկություն չունի, նրանք հակված են  ծառայությունից ազատվելու բացառությունների շրջանակը ընդլայնել:

«Իրավաբան ուսանողների խումբ ենք կազմել, որոնք ուսումնասիրում են, քննարկում  օրինագիծը եւ եթե առաջարկներ ձեւավորվեն, հնարավոր է՝ դրանք  ներկայացնենք Ազգային ժողով մինչեւ երկրորդ ընթերցում»,-ասել է Արմեն Խաչիկյանը՝ նշելով, որ ինքն այն ուսանողներից է, որը ծառայությունից  հետո վերադարձել է եւ շարունակել է կրթությունը մինչեւ ասպիրանտուրա:  Նա ուսման տարկետման իրավունքը հանելու վերաբերյալ առարկություն չունի, պնդել է, որ գիտությամբ զբաղվելուն ծառայությունը չի խոչընդոտում: