«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կառավարությանն առաջարկում է ՊԵԿ նախագահի հետ շրջել Երեւանի փողոցներում եւ ինքը ցույց կտա ՀԴՄ կտրոն չտրամադրող խոշոր գործարարների օբյեկտները:

ԱԺ-ում այսօր՝ նոյեմբերի 15-ին, 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նա դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին ասաց. «Ճիշտ տեղերից գումարներ հավաքագրելու մասի՞ն եք ուզում իմանալ: Առաջարկում եմ ձեզ որպես կառավարության անդամ, առաջարկ անեք կառավարության առաջիկա նիստին, որ ՊԵԿ-ի ղեկավարին հանձնարարվի ինձ հետ շրջել Երեւանի փողոցներում: Երաշխավորում եմ, որ 10 րոպեն մեկ հաճախակիությամբ մեկ խոշոր գործարարի օբյեկտ ցույց տալ, որտեղ ՀԴՄ կտրոն չեն տրամադրում»:

Վարդան Արամյանը նշեց, որ բացի տարբեր ծրագրեր իրականացնելուց, պետք է ստեղծել նաեւ ենթակառուցվածքներ: Նա օրինակ բերեց Երեւանից Գառնի եւ Գեղարդ տանող ճանապարհը, որտեղ մարդկանց հոսքի ավելանալուն զուգահեռ փոքրիկ բիզնեսներ են ստեղծվել. «Մարդկանց հոսք կա, բնական է, որ այդտեղ կլինի նաեւ տնտեսական աշխուժացում»:

Տիգրան Ուրիխանյանը կասկածի տակ առավ այդ մոտեցումը՝ ընդգծելով, որ միայն ճանապարհ կառուցելով գյուղերում հնարավոր չէ տնտեսական աշխուժացում մտցնել, քանի որ այնտեղ աղքատության ցուցանիշը շատ բարձր է: Նա առաջարկեց  սահմանամերձ բնակավայրերը հայտարարել ազատ տնտեսական գոտի, որպեսզի բիզնեսը աշխուժանա: