Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահեցնում է, որ ցանկացած ոք կարող է ապրանք ներկրել Հայաստան եւ շուկաներում մուտքն ազատ է:
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խորհրդարանում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ Հայաստանում մուտքն ազատ չէ եւ 20 հազար ապրանքատեսակ ներկրում է 7 սուբյեկտ ընդամենը:
«Եթե մարդն ուզում է զբաղվի այդ ապրանքներից մեկի ներկրմամբ, այդ 7 սուբյեկտների տնտեսական ուժը հերիքում է եւ դուրս են շպրտում շուկայից, այդ փողերի ծավալը գալիս է այդ սուբյեկտների հետ, որոնք հետո հոսում են: Մարդիկ վախեցած են, Հայաստանում ներդրում չեն ուզում անել, որովհետեւ կա քաղաքական խնդիր, թե ինչ է լինելու իր ունեցվածքի ճակատագիրը»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Վարդան Արամյանը համաձայնվեց, որ կան խաղի կոշտ կանոններ, ապա հիշեցրեց վարչապետի խոսքերը՝ եթե նման դեպքեր լինում են, դիմեք եւ կուսումնասիրվի:
«Օրինակ, այդքան բանանից են խոսում, այսօր Հայաստան 5-6 սուբյեկտ բանան է ներկրում, նրանցից մեկի ներկրումն էլ շռնդալից աճում է»,- ասաց նախարարը:




























