Ռուսաստանցիների կենսաթոշակները վճարելու կառավարության գումարները վերջացել են: Այդ մասին հայտնել է ֆինանսների նախկին նախարար, Ռազմավարական մշակումների կենտրոնի (ՌՄԿ) խորհրդի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը՝ «Արգումենտի ի ֆակտի»-ի հետ հարցազրույցում:

Նա հիշեցրել է, որ 2016-ին պետությունն առաջին անգամ խախտել է իր պարտավորությունները եւ կենսաթոշակների ինդեքսավորում չի անցկացրել, եղել է միայն հինգ հազար ռուբլու միանվագ վճարում: Այժմ քննարկվում է աշխատող թոշակառուների վճարների սահմանափակումը: Այդ ամենը վկայում է Կենսաթոշակային ֆոնդի միջոցների դեֆիցիտի մասին, ընդգծել է Կուդրինը:

Նրա կարծիքով՝ կենսաթոշակային տարիքի բարձրացումը անհրաժեշտ միջոց է՝ կապված ակտիվ կյանքի ժամանակահատվածի մոտ 10 տարով ընդլայնման հետ:

«Թոշակի անցումն այժմ նշանակում է կյանքի որակի կտրուկ՝ երեք անգամ ավելի նվազում: Դա մի այդպիսի «կոպիտ վայրէջք» է մարդու համար, որն անցնում է թոշակի»,- ենթադրում է ՌՄԿ խորհրդի ղեկավարը:

Հոկտեմբերին Ռուսաստանի աշխատանքի նախարարը հայտարարել էր, որ կառավարությունում չեն քննարկում կենսաթոշակ ստանալու համար նվազագույն աշխատանքային ստաժի գաղափարը: