ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին քննարկման էր հրավիրել մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտնականների Հայաստանում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ:
Շնորհակալություն հայտնելով հրավերին արձագանքելու համար` Իգնատի Առաքելյանը կարեւորել է սերտ համագործակցությունը գիտական հանրության հետ` հույս հայտնելով, որ նրանց առաջարկներն ու դիտարկումները կօգնեն այս հարցում առավել արդյունավետ եւ ճիշտ լուծման տարբերակներ գտնել: Ներկաները մասնավորապես քննարկել են ԳՁՕ-ների օրենսդրական կարգավորմանը, կիրառմանը, անվտանգությանը, վերահսկողությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է օրենսդրորեն կարգավորել տրանսգենային գյուղատնտեսություն վարելը Հայաստանում, պարտադիր մակնշման պահանջ սահմանել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործմամբ սննդամթերքի համար, շեշտադրել օրգանական գյուղատնտեսության զարգացումը` որպես ռազմավարական ուղղություն:
Քննարկումների արդյունքում` նշված հարցերի կարգավորման շուրջ աշխատանքներ տանելու նպատակով որոշվել է ստեղծել հանձնաժողով, որում կընգրկվեն ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության եւ ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուներ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ հասարակական հատվածից:




























