«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն (ՈւՎԿ) ՓԲԸ-ն 2017 թվականի նոյեմբերի 23-ին, նախատեսում է անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնել: Այս մասին, նոյեմբերի 16-ին հայտնեց «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանը՝ հավելելով, որ 2015 թվականից սկսած՝ ընկերությունը նման գործընթաց է իրականացնում արդեն երրորդ տարին անըդնմեջ:
Պատատոմսերը կտեղաբաշխվեն NASDAQ OMX Armenia ԲԲԸ առաջնային հարթակում՝ մեկանգամյա աճուրդի ստանդարտ փակ (եվրոպական) անցկացման ճանապարհով: Ինչպես պարզաբանեց Ղուկասյանը, պարտատոմսերի թողարկման եւ տեղաբաշխման ընթացակարգերի կազմակերպումը, ինչպես նախորդ տարիներին, կատարելու է Renesa ներդրումային ընկերությունը:
«Այս տարի ծրագրում ենք իրականացնել ընդհանուր 1 մլն դոլար ծավալով պարտատոմսերի թողարկման առաջին տրանշը, 7 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, երեքամյա շրջանառությամբ եւ կես տարին մեկ եկամուտների վճարման պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի նվազագույն արժեքն այս դեպքում կկազմի 100 դոլար, իսկ թողարկվող պարտատոմսերի ընդհանուր քանակը համապատասխանաբար 10 հազար հատ կլինի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում դրամային պարտատոմսերին, ապա նախատեսված է թողարկել 300 մլն դրամ ընդհանուր չափով, որոնց տարեկան եկամտաբերությունը կկազմի 10 տոկոս, իսկ շրջանառության ժամանակահատվածը՝ 12 ամիս: Ըստ որում՝ մեկ պարտատոմսի նվազագույն արժեքը կկազմի 10 հազար դրամ, իսկ թողարկվող պարտատոմսերի ընդհանուր քանակը՝ 30 հազար հատ:
«Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանն իր հերթին նշեց, որ կազմակերպությունը Հայաստանի ֆինանսական շուկայում գործունեություն է իրականացնում արդեն 8 տարի: Այս ամբողջ ժամանակահատվածում ընկերության հաճախորդներին, որոնց թիվն այսօր հասնում է գրեթե 15 հազարի, ֆինանսական տարբեր ծառայություններ են մատուցվում:
«2015 թվականին մեր վարկային կազմակերպությունը առաջինն էր, որ պարտատոմսերի թողարկում եւ հրապարակային տեղաբաշխում անցկացրեց: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ սա անչափ արդյունավետ եւ հետաքրքիր արտադրանք է, որը գրավեց ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:
«Հետագայում եւս մենք փորձելու ենք մեր աշխատանքները նույնպես կապել մեր պարտատոմսերի թողարկման հետ, իսկ ներգրավված դրամական միջոցները նույնպես ուղղելու ենք նորանոր վարկատեսակների ստեղծմանն ու նեդրմանը»,- եզրափակեց «Գլոբալ Կրեդիտի» տնօրենը:




























