Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է եղել կազմակերպել խորհրդարանական լսումներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որը ուսանողների հետ հիմնական բանակցողն էր։

«Մենք՝ Ազգային ժողովը, ընդունել ենք երիտասարդների առաջարկությունը եւ ասել, որ պատրաստ ենք կազմակերպել խորհրդարանական լսումներ մեծ դահլիճում։ Մեր խոստումը ուժի մեջ է: Կհրավիրվեն շահագրգիռ բոլոր կողմերը: Խորհրդարանական լսումները տեղի կունենան նոյեմբերի 22-ին: Դա կլինի կլոր սեղանների կամ քննարկումների սկիզբը»,- ասաց Շարմազանովը՝ տեղեկացնելով, որ դրանք կլինեն հրապարակային, կհեռարձակվեն առցանց հեռարձակմամբ։

«Մենք ամենամեծ հարթակը տալիս ենք բոլորին, որպեսզի նրանք կոռեկտության սահմաններում իրենց կարծիքները արտահայտեն»,-ասաց նա:

Շարմազանովի խոսքով, արդեն ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը հետ չի կանչվի, սակայն կլինի կառավարության մոտ 70 որոշում ու ենթաօրենսդրական ակտեր, որոնք կարող են մշակվել ուսանողների հետ միասին։