Երեւանի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհը Մոնթե Մելքոնյանի անունով կոչելու որոշումն ուշացած, բայց ճիշտ որոշում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մոնթե Մելքոնյանի մարտական ընկեր Մարտիրոս Ժամկոչյանը:
«Ուրախ եմ եւ քաջալերում եմ այս որոշումը, քանի որ ազգային հերոսների անուներով շատ փողոցներ պետք է անվանակոչվեն, սակայն ցավում եմ, որ միայն հիմա է նման որոշում ընդունվում»,-ասաց ազատամարտիկը:
Ազատամարտիկը նշեց, որ նման հարցերում, ցավոք սրտի, պետությունը հետեւողական չէ եւ հերոսներին ոչ միշտ է ճիշտ ժամանակին գնահատում:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը սեպտեմբերին ներկայացրել էր մի շարք փողոցների անվանակոչության նախագծեր, որոնց թվում էր նաեւ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհը Մոնթե Մելքոնյանի անունով կոչելու նախագիծը: Նախագծին միացել է նաեւ ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը եւ համատեղ նախագիծը դրական եզրակացություն է ստացել Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:




























