Եվրամիությունը որոշում է կայացրել ուժեղացնել Շենգեն գոտու արտաքին սահմանների հսկողությունը միության մեջ չմտնող երկրների քաղաքացիների մուտքի համար: Այս մասին նշված է ԵՄ Խորհրդի Բրյուսելում երկուշաբթի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նոյեմբերի 20-ին Խորհուրդը հաստատել է Շենգենի սահմանային օրենսգրքում մուտքի ու ելքի համակարգին վերաբերող եւ դրա մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Այդ համակարգը հաշվառելու է Շենգեն գոտու սահմանները հատող երրորդ երկրների քաղաքացիների մուտքի, ելքի եւ մուտքի արգելքի մասին տեղեկատվությունը»,- նշվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշված է, որ նոր համակարգը կբարելավի ստուգումների որակը մասնավորապես արտաքին սահմաններին: Բացի այդ, այն կապահովի ժամանողների մասին հուսալի եւ պարբերական տեղեկատվություն, կամրապնդի անվտանգությունը ԵՄ-ում եւ կուժեղացնի ահաբեկչության դեմ պայքարը:
ԵՄ խորհուրդն ու Եվրախորհրդարանը պետք է ստորագրեն հաստատված որոշումը, որից հետո այն կհրապարակվի միության Պաշտոնական ամսագրում եւ ուժի մեջ կմտնի 20 օր անց՝ հստակեցվում է հայտարարության մեջ:



























