Լեւոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին վարչապետին օգնելու է օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից:

Նշվում է, որ Արիաննե Կաոիլիին կառավարման եւ բիզնես խորհրդատվության մասնագետ է: Նա աշխատանքային փորձ ունի ֆինանսների, կառավարչական, գյուղատնտեսական եւ հանքարդյունաբերական ոլորտներում: Որպես խորհրդատու՝ նա ընդգրկված է եղել Ավստրալիայի կառավարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերում, ինչպես նաեւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (Asia Pacific Economic Cooperation (APEC)) բիզնես խորհրդատվական խմբում:

Վերջին տարիներին բնակվելով Հայաստանում՝ նա ակտիվ գործունեություն է իրականացրել հանրային, քաղաքացիական հասարակության եւ այլ ոլորտներում:

Ունենալով հասարակական եւ մասնավոր ոլորտներում աշխատանքի նշանակալի փորձ՝ Արիաննե Կաոիլիին փորձագիտական խորհրդատվություն կտրամադրի օտարերկրյա ներդրումների ներգրավման, միջազգային ֆինանսական եւ առեւտրային կառույցների հետ համագործակցության եւ մի շարք այլ բնագավառներում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շախմատիստ Լեւոն Արոնյանի կինը՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:

Նշենք, որ ֆիլիպինուհի Արիաննե Կաոիլին Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանի կինն է: Նա ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ է, իսկ 2016 թվականից խմբագրում է Երեւանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթը: