Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտարբերություն ցուցաբերել սեփական քաղաքացիների նկատմամբ: Աջ ու ձախ «ադրբեջանական պետության հզորության» մասին հայտարարող ալիեւյան ռեժիմն ի վիճակի չէ հոգ տանել հասարակ քաղաքացիների մասին:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, նոյեմբերի 17-ին Զիխ բնակավայրում՝ բնակելի տան անմիջապես մոտակայքում, փլուզում է տեղի ունեցել: Փլատակների տակ մեկ մարդ է զոհվել, իսկ փլուզման գոտու բոլոր բնակիչների կյանքը լուրջ վտանգի տակ է:

Վթարային դարձած շենքերում բնակվող մարդկանց տեղափոխումը շրջանի իշխանությունները ձգձգում են, եւ մի քանի շենքերի բնակիչներ չգիտեն՝ արդյոք առավոտյան կարթնանա՞ն, թե՞ կհայտնվեն հողաթմբերի տակ, իսկ ցերեկը վախենում են տանը միայնակ թողնել երեխաներին ու ծեր հարազատներին: Մի քանի օր շարունակ նրանց ամենօրյա դիմումները կամ, ավելի ճիշտ, աղաչանքները պետական մարմիններին մնում են անպատասխան:

SOCAR-ի հաշվեկշռում գտնվող բնակելի շենքը շահագործման է հանձնվել 2001-ին: Երկու տարի առաջ, 90 բնակարան ունեցող շինության կայունությունն ապահովելու համար, նրա հետնամասում բետոնե հենարաններ են դրվել: Սակայն որոշ ժամանակ անց դրանք կորացել են, իսկ որոշները նույնիսկ կոտրվել: Փլվածքից հետո այդ շենքի բոլոր բնակարաններում հատակին ու առաստաղին, ինչպես նաեւ շքամուտքերում եւ շենքի նկուղում խորը ճաքեր են առաջացել:

Անցյալ տարի շենքից արդեն տարհանվել էին 50 բնակարանների բնակիչներ, բայց 40 ընտանիքներ դեռեւս շարունակում են ապրել այնտեղ՝ վտանգելով սեփական կյանքը:

Վթարային շենքի բնակիչները պատմում են, որ եթե փլուզումը տեղի ունենար գիշերային ժամերին, ապա տեղի կունենար անդառնալին՝ դժվար թե որեւէ մեկը կենդանի մնար: Փլուզման հետեւանքով բանվորը հայտնվել է երեք մետր խորությամբ փոսում, իսկ իրեն օգնության եկած երկու փրկարար նույնպես ծածկվել են հողով:

Թղթակիցները ցանկացել են լուսանկարել փլուզման վայրը եւ ավելի են մոտեցել, սակայն մոտակայքում գտնվող խանութի վաճառողը զգուշացրել է, որ դա վտանգավոր է, քանի որ հողի նստվածքը շարունակվում է:

Բայց այն ինչ տեսել են, դա էլ բավական է: Հարկ չկա մասնագետ լինել հասկանալու համար, որ շենքի այդպիսի ճաքերով, որոնք, ինչպես հավաստում են բնակիչները, օրեցօր ընդլայնվում եւ խորանում են, ապրել չի կարելի:

Այդ գործընթացը տեսանելի է անզեն աչքով, եւ շենքի մնացյալ բոլոր բնակիչները իրական էքստրեմալներ են: Զիխ բնակավայրում միայն այդ շենքը չէ, որ գտնվում է վթարային վիճակում. ողբերգական վիճակում է գտնվում եւս 100 մասնավոր շենք: