Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է քաղաքացու հաշմանդամության խումբը:

Այս առնչությամբ, ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հաշմանդամության խմբի փոփոխությունից դժգոհ քաղաքացին դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։

Դիմումատուի հայտնած տեղեկությունների համաձայն՝ վեց տարի շարունակ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում իր նկատմամբ սահմանվել է հաշմանդամության 2-րդ խումբ։ Այս տարի եւս այն երկարացվել է մեկ տարի ժամկետով, սակայն փորձաքննությունից երկու ամիս անց զանգահարել են, կանչել վերափորձաքննության եւ արդյունքում՝ սահմանել հաշմանդամության 3-րդ խումբ։

Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում գրություն է հասցեագրվել Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ քաղաքացու նկատմամբ հաշմանդամության 3-րդ խումբ սահմանելու հիմնավորվածության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։ Առաջարկվել է նաեւ քննարկել հանձնաժողովի ընդլայնված կազմով վերափորձաքննություն իրականացնելու հարցը։

Արդյունքում, տեղի է ունեցել բժշկասոցիալական վերափորձաքննություն եւ արձանագրվել է քաղաքացու առողջական վիճակի վատթարացում, ինչով պայմանավորված էլ վերականգնվել է քաղաքացու հաշմանդամության 2-րդ խումբը»: