Հայկական բանակում գիտական պոտենցիալի օգտագործում է համարվում նույնիսկ ծրագրավորողի շահագործումը՝ նրան ներգրավելով կապի ապահովման գործին կամ ֆիզիկոսների մասնակցությունը ինժեներական աշխատանքներին: Նոյեմբերի 22-ին ԱԺ-ում ընթացող կլոր սեղանի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը՝ մեկնաբանելով վերջերս ընդունված «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որը ուսանողների բողոքի ակցիաների պատճառ դարձավ:

Պետրոսյանն արձանագրեց, որ գործունեությունը գիտական է համարվում, եթե կա գիտական ղեկավար, գիտական կոլեկտիվ, սեմինարներին եւ գիտական շատ կոնֆերանսներին մասնակցություն: «Ինչպես մենք ենք հասկացել, արդեն մայիսին տեղի կունենա գիտնականների զորակոչը բանակ: Մի՞թե բանակը պատրաստ է նրանց այս ամենով ապահովել»,- դժգոհեց Դավիթ Պետրոսյանը՝ հավելելով, որ բազմիցս շեշտվեց՝ գիտնականին բանակ զորակոչելը, որտեղ նա չի կարող շարունակել իր գիտական գործունեությունը, խելամիտ որոշում չէ:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 15-ին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել է «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Դեմ է քվեարկել միայն «Ելք» դաշինքի խարհրդարանական խմբակցությունը: