Սեւանում խեցգետինի պաշարները նախորդ տարվա 440 տոննայից այս տարի հասել են 260 տոննայի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը՝ ավելացնելով, որ այս միտումների շարունակումը, ի վերջո, լճում խեցգետնի պաշարների խզման կհանգեցնի։

Նրա փոխանցմամբ՝ այսօր լայն տարածում գտած չինական ծալովի եւ զսպանակավոր որսագործիքների օգտագործման պատճառով Սեւանա լճում աստիճանաբար սկսեցին նվազել խեցգետնի պաշարները, քանի որ այդ որսագործիքները որսում են ոչ արդյունագործական չափերի կենդանիներ՝ զրկելով պոպուլյացիան սերնդից։

«Եթե կասպիական որսագործիքները գործում էին խայծի միջոցով, այսինքն՝ խայծը կուլ էին տալիս մրցունակ եւ արդյունագործական չափերի խեցգետինները, ապա չինական որսագործիքները փռված են լճի հատակին եւ ցանկացած չափի կենդանի որսվում է»,-շեշտեց նա՝ նշելով նաեւ, որ նպատակահարմար կլինի կենդանիների որսը կազմակերպել միայն այն բանից հետո, երբ կենդանին թողնում է իր առաջին սերունդը։

Խոսելով նաեւ ջրային էկոհամակարգում խեցգետինների դերի մասին՝ Էվելինա Ղուկասյանը նշեց, որ խեցգետինները սնվում են հատակի տիղմով եւ մակրոֆիտներով, իսկ այն ժամանակ, երբ Սեւանա լճում կար կողակի մեծ պաշարներ, որոնք իրականացնում էին օրգանական տիղմի քայքայումը, խեցգետինները դերը այդքան զգալի չէր։ «Այժմ, երբ կողակի պաշարները գրեթե վերացել են, խեցգետինը հանդես է որպես ջրամբարի սանիտար՝ մաքրելով օրգանական տիղմը ջրից»,-ընդգծեց նա։

Նրա համոզմամբ՝ «Սեւանի վիճակի բարելավման համար ջրի մակարդակի բարձրացումը շատ կարեւոր է, սակայն եթե ջրի մակարդակը իջնում է, կատարվում է Սեւանից ջրառ, հսկայական տարածքներ են ջրազրկվում, ափը աղտոտվում է, իսկ ջրառի միտումների կրկնման դեպքում լճի վիճակի վատթարացումը աստիճանաբար նկատելի կդառնա»։

Ինչ վերաբերում է շուկայում խեցգետինների գներին, ապա նրա խոսքով՝ դրանք հավասարվել են ոստրեների գներին։ «Ոստրեն աշխարհում տարածված նրբախորտիկ է, սակայն այսօր այնքան է աճել խեցգետինի պահանջարկը մեր երկրում, որ գերազանցում է այս նրբախորտիկի գներին աշխարհում։