Լրագրող Եկատերինա Գորդոնը, որը պատրաստվում է 2018 թվականին Ռուսաստանի նախագահի թեկնածու առաջադրվել, ներկայացրել է իր տնտեսական ծրագրի գլխավոր դրույթները: Ծրագրի առաջին դրույթը կոչվում է ՌԴ կառավարության արյունավետության ինդեքսի որոշման անհրաժեշտություն, փոխանցում է Life-ը, որն առաջինն է հրապարակում ցանկը:
Գորդոնն առաջարկում է որպես աշխատանքի արդյունավետության ինդիկատոր օգտագործել Ջինիի ինդեքսը (հասարակության շերտավորման աստիճանի վիճակագրական ցուցանիշ): Հարուստների եւ աղքատների միջեւ խզումը որքան մեծ է, այնքան կառավարությունը վատ է աշխատում: Իսկ որոշակի անբավարար նիշի հասնելու դեպքում կառավարությունն ավտոմատ հրաժարական է տալիս:
Կատյա Գորդոնի տնտեսական ծրագրի երկրորդ դրույթը բռնաճնշվածների տնտեսական վերականգնման մասին է: Լրագրողի կարծիքով՝ խորհրդային իշխանությունը երկրի տարբեր հատվածներում քաղբանտարկյալների աշխատանքն օգտագործել է արադրություններ կառուցելու համար: Սակայն հետագայում այդ ձեռնարկությունները սկսել են պատկանել առանձին անհատների:
Ծրագրի երրորդ կետում նշվում է մայրական կապիտալի հասարակական հիմնադրամի ստեղծման եւ ինքնահարկման օրենսդրական իրավունքի անհրաժեշտության մասին: Գորդոնը նշում է, որ արեւմտյան երկրներում բարեգործական գործունեությունը պետական եւ օրենսդրական մակարդակում է աջակցվում ու խրախուսվում: Մինչդեռ Ռուսաստանում «բարեգործ լինելը հիմարություն է եւ ոչ խելամիտ»: Սա փոխելու համար օրենք է հարկավոր, որով յուրաքանչյուր հարուստ գործարար բարեգործության ձեւով ինքնահարկման իրավունք կունենար, եւ, ի դեպ, դա պետք է պետության կողմից խրախուսվի:
Լրագրողն անդրադարձել է նաեւ տնտեսության հետ չկապված թեմայի: Նա ճիշտ է համարում անբարեխիղճ դատավորների գրանցամատյանի ներդրման նախաձեռնությունը, եւ իր կողմից հավելել է, որ դատավորներին չպետք է նշանակի պետության ղեկավարը, այլ պետք է այս պաշտոնին ընտրվելու հնարավորություն լինի:




























