Վերահսկիչ պալատը աուդիտին անցում կատարելու համար շատ ինտենսիվ նախապատրաստական աշխատանք է կատարում: Նոյեմբերի 24-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  նիստում այս մասին ասաց հանձնաժողովի հանրապետական նախագահ Գագիկ Մինասյանը:

«Ես տեղեկություն ունեմ, որ Վերահսկիչ պալատը փորձագետների է հրավիրում, որոնք աշխատակիցների հետ միասին եւ համապատասխան գործիքների օգտագործմամբ անցկացնում են ինչպես աուդիտ, այնպես էլ ստուգում են ֆինանսական հաշվետվությունը»,- նշեց Մինասյանը՝ ելույթ ունենալով «Աուդիտորական պալատի մասին» օրենքի քննարկման ժամանակ եւ հավելելով, որ Վերահսկիչ պալատը պետք է պատրաստվի Աուդիտորական պալատի վերափոխվելուն՝ չսպասելով, որ օրենքն ուժի մեջ մտնի: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝  այս գործունեությունը դրական արդյունք կունենա, որին բոլորն են սպասում, եւ որը կհանգեցնի սահուն անցման՝ առանց որեւէ լուրջ խնդրի: