Կապիտալ ծախսերի մեծացումը, որը Կառավարությունը ծրագրել է 2018-ի պետբյուջեի նախագծում, այսօրվա դրությամբ անհրաժեշտություն է հետագա տնտեսական աճի հիմքերի ապահովման համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է տնտեսական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝ հստակեցնելով, որ մտահոգություն է առաջացնում միաժամանակ կրթության եւ գիտության ոլորտի ֆինանսավորման կրճատումը:

«Ես դրանք պայմանականորեն կբնութագրեի որպես կապիտալ ծախսեր: Չէ՞ որ դա ներդրում է մարդկային գործոնի մեջ, որի արդյունքները գուցե այդքան վաղ տեսանելի չեն, ինչպես ենթակառուցվածքներում ներդնելու դեպքում: Արդյունքն այստեղ չափվում է միջնաժամկետ եւ երկարաժամկետ՝ 5, 10, 20 տարվա կտրվածքով: Պետբյուջեից հատկացնել 0,5 տոկոս գիտությանն ու 2,2 տոկոս կրթությանը պարզապես անթույատրելի է, դրանով իշխանությունը, փոստորեն, բնակչությանը մեսիջ է ուղարկում, թե Հայաստանում չարժե գիտությամբ զբաղվել», - նշել է Մանասերյանը:

Նա նաեւ հավելել է, որ ֆինանսավորման այդքան ցածր մակարդակը ոչ կի կերպ չի համապատասխանում Կառավարության կարգախոսին (ինչպես ներկա, այնպես էլ նախկին)՝ գիտականահեն տնտեսության կառուցման մասին: Տնտեսագետի գնահատականներով,  Կառավարության նման մոտեցումը բավական կոպիտ սխալ է, քանի որ փոխարենը մեծանում է այնպիսի կառույցների ֆինանսավորումը, ինչպիսին Ոստիկանությունն է, ընդ որում այդ հաշվով ոչ մի տնտեսական հիմք չի տրվում

«Կապիտալ ծախսերի մեծացումն, իսկապես, կարեւոր նշանակություն ունի երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի ապահովման համար: Բայց, Եթե Կառավարությունը մտադիր է տնտեսել գիտության հաշվին , փոխարենը՝ մեծացնելով Ոստիկանության առանց այդ էլ ուռճացված բյուջեն, ապա զուտ տնտեսագիտորեն մասնավորապես այդ միջոցների ծախսման արդյունավետության կապակցությամբ ես որեւէ հիմնավորում  չեմ տեսնում: Թող հիմնավորեն այդ ծախսերը, գուցե դրանք իսկապես անհրաժեշտ են, իսկ գուցե անհրաժեշտ է հատկացնել ավելին; Խնդրեմ, մենք, որպես հարկ վճարող, պատրաստ ենք: Բայց չի կարելի ծերերի կենսաթոշակը չբարձրացնել, իսկ ոստիկանների բյուջեն մեծացնել», - ընդգծել է Թաթուլ Մանասերյանը: