Հայաստանը, բիզնեսի տեսանկյունից, տնտեսության տարեկան նշանակալի աճի  համար ներուժ չունի: Այս մասին նոյեմբերի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Սակայն, չնայած դրան, Հայաստանի կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի տնտեսական զգալի աճ ամրագրել: «Մենք կարող ենք նաեւ նկատել, որ դեֆիցիտը աճում է ամեն տարի, այսինքն, տպավորություն է ստեղծվում, որ 150 միլիարդ դրամի դեֆիցիտը մեզ համար սովորական բան է դարձել», - ասել է տնտեսագետը` հավելելով, որ անհրաժեշտ է արձանագրել փաստացի արտադրողականության եւ դեֆիցիտի միջեւ կապը:

Միեւնույն ժամանակ փորձագետը վստահություն է հայտնել, որ հաջորդ տարի դեֆիցիտը զգալիորեն կգերազանցի 150 մլրդ դրամի ցուցանիշը: Ըստ նրա՝ 2016 թվականին Հայաստանում բյուջեի դեֆիցիտը պետք  է կազմեր 190 մլրդ դրամ, իսկ իրականում `273 մլրդ դրամ դուրս եկավ, իսկ 2015-ին դեֆիցիտը պետք է 114 մլրդ դրամ կազմեր, սակայն 243 մլրդ դրամ ստացվեց: