Վենեսուելայում ինֆլյացիան հավանաբար գերազանցում է 4000 տոկոսը: Այս եզրակացությանն են եկել որոշ փորձագետներ՝ հաշվի առնելով վերջին 1,5 ամիսների ընթացքում երկրում տնտեսական ճգնաժամի խորացումը՝ ԱՄՆ պատժամիջոցների խստացման եւ նոյեմբերի սկզբին տեղի ունեցած արտաքին պարտքի չկատարման ֆոնին:

Երկրում ինֆլյացիայի վերաբերյալ պաշտոնական տվյալները գաղտնի են դարձել 2015-ի վերջից: Ըստ Ecoanalitica վերլուծական կայքի՝ 2017-ի  նոյեմբերին ինֆլյացիան հասել է 1430 տոկոսի, հաղորդում է Newsru-ն:

Իրականում ցուցանիշը կարող է ավելի բարձր լինել: Ջոն Հոպկինսի համալսարանի պրոֆեսոր Սթիվ Հանկեի խոսքով՝ այն հասնում է 4115 տոկոսի: Հյուրանոցներում եւ ռեստորաններում, օրինակ, մեկ ամսվա ընթացքում գներն աճել են 70 տոկոսով, հիշեցրել է փորձագետը: «Տնտեսությունն ընկել է մահվան իրական պարույրի մեջ», - ասել է պրոֆեսորը, «վերջին երկու շաբաթվա ընթացքում իրավիճակը վատթարացել է»:

Ըստ «Dolartoday»-ի՝  բոլիվարի փոխարժեքը նոյեմբերի սկզբից ավելի քան երկու անգամ արժեզրկվել է: Տարեսկզբին Վենեսուելայի «սեւ շուկայում» դոլարը 3,100 բոլիվար արժեր, նոյեմբերի 1-ից `41,290 բոլիվար, նոյեմբերի 15-ին՝ ավելի քան 60,000 եւ նոյեմբերի 21-ին՝ 84 հազար բոլիվար մեկ դոլարի համար: