ՀՀ կառավարությունը մտադիր է լուծել Հայաստանի լքված, դադարեցված, տիրազուրկ հանքավայրերի ռեկուլտիվացման համար ֆինանսների հարցը:
Նոյեմբերի 2-ին գործադիրը հավանություն տվեց ՀՀ բնապահպանության նախարարության մշակած Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգի մասին որոշման նախագծին:
Հայաստանի լքված, դադարեցված, տիրազուրկ հանքավայրերը չեն ռեկուլտիվացվում ֆինանսների բացակայության պատճառով, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Արդյունքում դրանք անդադար աղտոտում են շրջակա միջավայրը ծանր մետաղներով եւ տոքսիկ տարրերով: Ըստ փորձագիտական գնահատականների` ընդերքօգտագործման 1 հա տարածքն աղտոտում է 10 հա շառավղով տարածք: Հայաստանի տարածքում ընդերքօգտագործման նպատակով տրամադրված հողերի ընդհանուր մակերեսը նախնական խոշորացված գնահատականներով կազմում է 13640հա:
Խնդրի կարգավորման համար 2003թ-ից ընդերքօգտագործողները սկսեցին գումարներ տրամադրել Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին, սակայն այդ գումարներն անբավարար են: «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվեհամարում հավաքագրված գումարները չեն բավարարում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար, քանի որ այդ աշխատանքների նախահաշիվը կատարվել է նախագծային փուլում, իսկ հանքավայրերի ծառայման ժամկետները հիմնականում երկար են (մինչեւ 50 տարի), հավաքագրված գումարները մնում են սառեցված վիճակում եւ ժամանակի ընթացքում գնաճի պատճառով արժեզրկվում են, քանի որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 24-ի N365-Ն հրամանի ռեկուլտիվացիոն աշխատանքների ինդեքսավորումը իրականացվում է ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ, ինչը հիմնականում պրակտիկայում չի իրականացվում»,- նշված է Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգում:
Ըստ հայեցակարգի` Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվեհամարում 2017 թ-ի հունիսի 1-ի դրությամբ հավաքագրվել է 1 223 496 748,90 ՀՀ դրամ: Ընդերքօգտագործման իրավունքները դադարեցրած 105 ընկերությունների կողմից վճարվել է 66 009 260 ՀՀ դրամ՝ նախագծերով կամ ընդերքօգտագործման պայմանագրերով նախատեսված 190 824 620 ՀՀ դրամ ընդհանուր գումարի փոխարեն: Բացի սա, Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին գումարներ չեն վճարել նաեւ գործող շատ ընդերքօգտագործողներ:
Հայեցակարգով առաջարկվում է կատարել օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ապահովվի շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին ընդերքօգտագործողների կողմից կատարվող գումարների հավաքագրումը, եւ վճարված գումարները բավարար լինեն խախտված հողատարածքների վերականգման աշխատանքների իրականացման համար:
ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է եռամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնի «Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:




























