ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը թեեւ դժվարանում է գնահատել կառավարության ներկայացրած բյուջեն, սակայն խնդիրներ արձանագրել է։ NEWS.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ բյուջեի բաշխումը համաչափ չի եղել։
«Ես գնահատական չէի տա, բայց բնական է, բյուջեի բաշխման հետ կապված խնդիրներ կան, այն տեղերը, որտեղ գումարի անհրաժեշտություն կար, էդտեղ չափը պակասել է։ Օրինակ, մարզերին քիչ է հատկացվել։ Միշտ էլ այդպես է եղել։ Օրինակ, Արտակարգ իրավիճակների նախարարության բյուջեն շատ քիչ է»,–ասաց Ֆելիքս Ցոլակյանը։
Հարցին՝ այդ հատկացումներով հնարավո՞ր է իրավիճակ փոխել բազմաթիվ խնդիրներ ունեցող մարզերում, նա պատասխանեց. «Մարզում ամեն մի փոքր բանն էլ երեւում է, ավելի տեսանելի է, քան Երեւանում»։
Շիրակի նախկին մարզպետը նկատեց, որ անհամաչափ բաշխում էեղել Երեւանում ու Գյումրիում։ Օրինակ մեկ միլիոնանոց բնակչություն ունեցող Երեւանին Գյումրիի բնակչության հետ համեմատած հատկացումը, ըստ նրա, տասն անգամ ավել պետք է լիներ, սակայն 20 անգամ ավել են հատկացրել։ «Երեւանի բյուջեն համեմատած Գյումրիի հետ, անհամեմատ մեծ է, բայց եթե բնակչության թվով հաշվենք 100 հազար Գյումրիում է բնակչությունը, մեկ միլիոն՝ Երեւանում, պետք է 10 անգամ պակաս լիներ Գյումրիինը, սակայն 20 անգամ պակաս է հատկացումը արվել»,–ասաց Շիրակի նախկին մարզպետը։




























