Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում Մարսելում գտնվող Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը եւ պատվիրակության անդամներն այցելել են Մարսել քաղաքի Համազգային դպրոց, ծանոթացել են կրթօջախի պայմաններին եւ հետեւել տեղում կրթական գործընթացի կազմակերպմանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով «Համազգային» դպրոցի ստեղծման պատմությունը՝ տնօրեն Սեդա Բիբերյանը նշել է, որ այն հիմնադրվել է 1980 թվականին՝ «Համազգային» կրթական եւ մշակութային ասոցիացիայի կողմից, ֆրանս-հայկական կրթական բազայի հիման վրա: Սկզբում ունենալով միայն նախադպրոցական խումբ՝ կրթօջախը տարեցտարի ընդլայնվել ու ստեղծել է տարրական դպրոց, որն արդեն 1987 թվականից սկսել է գործել որպես հիմնական դպրոց: Սեդա Բիբերյանը նաեւ ընդգծել է, որ «Համազգային»-ը Ֆրանսիայում գործող միակ դպրոցն է, որտեղ ուսուցանվում է նաեւ հայերեն: Նշվել է, որ դպրոցն այսօր ունի շուրջ 350 աշակերտ եւ 44 ուսուցիչ, որոնցից 5-ը հայեր են:

Շնորհակալություն հայտնելով Սեդա Բիբերյանին՝ դպրոցն ու կազմակերպվող կրթական գործընթացը ներկայացնելու համար, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն առանձնակի կարեւորել է այն դերն ու նշանակությունը, որ ունի այս կրթօջախը հայապահպանության գործում եւ, առիթն օգտագործելով, վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել կրթօջախին՝ կազմակերպելով ուսուցիչների վերապատրաստման եւ աշակերտների փոխանակման հարցում:

Այցի շրջանակում Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը եւ «Համազգային» դպրոցի տնօրեն Սեդա Բիբերյանը ստորագրել են հուշագիր, համաձայն որի Երեւանի Միսաք Մանուշյանի անվան դպրոցը եւ Մարսելի «Համազգային» դպրոցը պարտավորվել են խրախուսել երկու դպրոցների միջեւ աշակերտների փոխանակումը, ուսուցիչների եւ աշակերտների միջեւ էլեկտրոնային հաղորդակցումը, համատեղ քննարկումների եւ սեմինարների կազմակերպումը, կնպաստեն փոխադարձ վերապատրաստումների կազմակերպմանը եւ կփոխանակվեն անհրաժեշտ նյութերով ու տեղեկատվությամբ: