Մինսկը տրամադրված է զարգացնել տնտեսական հարաբերություններ ԵՄ-ի հետ, նաեւ ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը «Արեւելյան գործընկերություն» գագաթնաժողովի արդյունքներով, ասվում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայության կայքում։
«Մենք խնդիր չենք դնում ու ոչ մեկ մեզնից չի պահանջում, այսպես ասենք՝ մենք չենք ձգտում գլխակորույս վազել ԵՄ։ Մենք հիմա ԵՏՄ անդամ ենք, համարում ենք, որ պետք է զարգացնենք այդ միությունը։ Արդեն զգում ենք մեր մասնակցության օգուտները, հույս ունենք, որ այս միտումը կպահպանվի»,- ասել է Մակեյը։
«Բայց պետք է հասկանալ, որ այսօրվա պայմաններում մեզ համար շատ կարեւոր է դիվերսիֆիկացման թեման, որի մասին բազմիցս խոսե լ է նաեւ Բելառուսի նախագահը։ Խնդիրն այն է , որ մենք կախում չունենանք մեկ աղբյուրից ու մեկ ուղղությունից»,- ասել է նախարարը։
«Ինչո՞ւ եմ ես այսպես ասում։ Որովհետեւ ԵՄ-ն մեզ համար կարեւոր առեւտրատնտեսական գործընկեր է։ Երկրորդ գործընկերը ԵՏՄ-ից ու ՌԴ-ից հետո»,- շարունակել է նախարարը։
Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ Բելառուսը մտադիր է խզել սերտ կապերը Ռուսաստանի կամ ետխորհրդային մյուս երկրների հետ։ Հակառակը՝ Բելառուսը ամրապնդելու է այդ կապերը, բայց նաեւ զարգացնելու է համագործակցությունը ԵՄ-ի հետ։
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն հրաժարվել է մեկնել Բրյուսել՝ մասնակցելու «Արեւելյան գործընկերություն» գագաթնաժողովին։ Այնտեղ բելառուսական պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը։



























